Բաժիններ՝

Արյունաբանական կենտրոնում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ:

«Մասնավորապես, առերևույթ չարաշահումները վերաբերում են ընկերության պաշտոնատար անձանց կողմից պետության և ընկերության միջև կնքված պայմանագրի դրույթները չպահպանելով, թվով 45 հիվանդության պատմագրերի գծով հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ամբողջությամբ տրամադրված չլինելու կամ մասնակի տրամադրված լինելու պայմաններում, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելուն, սահմանված չափորոշիչների խախտմամբ 2018թ.-ի ընթացքում ընկերության մեկ բաժանմունքից մեկ այլ բաժանմունք տեղափոխված հիվանդների գծով բուժման ծախսերի փոխհատուցումը հիվանդների բուժման համար սահմանված գնի 30%-ի չափով չկատարելուն, սակայն համապատասխան փաստաթղթերում կատարված լինելու վերաբերյալ առերևույթ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելուն, պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ընկերության կողմից «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով պետական պատվերի շրջանակում փաստացի կատարված աշխատանքների ծավալները ոչ ճիշտ արտացոլելուն և 2018թ.-ի ընթացքում անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունները «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով ներկայացնելուն:

Բացի այդ, հնարավոր չարաշահումները վերաբերում են նաև 2018թ.-ի ընթացքում «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով հաշվետվություններով ավելի կատարողական ներկայացնելուն, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելով՝ իմունոգլոբուլինի պակասորդի, կրիտիկական վիճակի բացակայության պայմաններում առևտրային ընկերությունից ակնհայտ բարձր գնով մարդու հակառեզուս իմունոգլոբուլինի դեղաբաժիններ անհիմն ձեռք բերելուն, ինչպես նաև ընկերության սեռոլոգիական բաժանմունքում դոնորական արյան վարակային անվտանգության ապահովման համար իրականացվող հետազոտությունների համար հաշվարկված ծախսերի կառուցվածքում՝ (ինքնարժեքում) գների ավելի հաշվարկ իրականացնելուն:

Վերոնշյալ ուղղություններով առերևույթ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն և պետբյուջեից ստացել փոխհատուցում:

Բուժկենտրոնի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր այս գործողությունների արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120մլն ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ՊՎԾ ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, առերևույթ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս