Բաժիններ՝

Կկարողանա՞ «Արարատը» լրացնել բացթողումը․ «Շլյոնկս»- «Արարատ»

Առաջին խաղում սեփական հարկի տակ 4։2 հաշվով պարտվելուց հետո «Արարատը» պետք է փորձի մրցակցի դաշտում վերականգնել տարբերությունը և պայքարել հաջորդ փուլ դուրս գալու համար։

«Շլյոնկս»

«Շլոնսկը» Լեհաստանի վերջին առաջնության արդյունքներով գրավել է չորրորդ տեղը ՝ 21 միավորով զիջելով առաջատարին և իրավունք ստանալով խաղալ Կոնֆերեցիաների լիգայի որակավորման փուլում:

Նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում Յացեկ Մագերայի թիմը ոչ-ոքի խաղաց «Վարթա» ակումբի հետ (2: 2), իսկ եվրագավաթների ընտրության առաջին տուրում ընդհանուր հաշվով 4: 1 հաշվով հաղթեց էստոնական «Պաիդեին»: «Արարատի» դեմ արտագնա խաղը կայացավ բավականին հավասար պայքարում, բայց հյուրերն ավելի բախտավոր էին և հաղթեցին (4: 2)։

«Արարատ»

«Արարատը» Հայաստանի առաջնության վերջին մրցաշրջանի արդյունքներով դարձավ չորրորդը, բայց որպես երկրի գավաթակիր` իրավունք ստացավ խաղալ Կոնֆերեցիաների լիգայի որակավորման փուլում: Վարդան Բիչախչանի թիմն առաջին տուրում անցավ հունգարական «Ֆեհերվար» ակումբին՝  արտագնա խաղում խաղալով ոչ-ոքի (1: 1) և հաղթելով տանը (2: 0): Վրոցլավի թիմի դեմ տնային խաղը հաջող արդյունք չբերեց «Արարատի» համար՝ թիմը պարտվեց (2: 4), իսկ այժմ արտագնա խաղում պետք է վերադարձնի երկու գնդակի տարբերությունը։

Խաղից առաջ հայկական թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նշում է, որ առաջին խաղից հետո բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել։

«Հաշիվը հուշում է, որ պաշտպանությունում պետք է գրագետ խաղանք ու առաջին խաղի տարրական սխալները բացառենք։ Պարզ է, որ գոլ բաց թողնելու իրավունք չունենք․ լավ պաշտպանություն և որակյալ հարձակում․ սա է մեր ծրագիրը։ Մեր սխալները մենք գիտենք, տեղյակ ենք՝ որտեղ ենք սխալվել։ Փորձելու ենք բացառել այդ սխալները և հնարավորինս ապահով խաղով աչքի ընկնել պաշտպանությունում՝ թույլ չտալով մրցակցին օգտագործել իր ուժեղ կողմերը։

Մրցակիցն առաջին խաղից հետո առավելություն ունի։ Պարզ է, որ այս հաշիվը հօգուտ նրանց է։ Պետք է ապահով գործենք պաշտպանությունում, գոլ բաց չթողնենք, որպեսզի հարձակման գծում էլ արդյունավետ խաղով աչքի ընկնենք։ Շատ դժվար է լինելու, մրցակիցը երկու գոլի առավելություն ունի և հարձակվելու մասին մտածում են նաև նրանք։ Պետք է նաև պաշտպանությունում ճիշտ գործենք, որպեսզի լավ արդյունքի ակնկալիք ունենանք։

Առաջին գոլից հետո մեր մոտ նկատվեցին կարգապահական խախտումներ։ Փորձում էինք ամեն ինչ անել խաղը փրկելու համար, չնայած որքան էլ փորձեցինք հանգստացնել այն։ Մի փոքր էլ տղաների հոգեբանության վրա ազդեց խաղի ընթացքը։ Երկրորդ կեսում գոլ խփելուց հետո շատ արագ բաց թողեցինք ու տղաների գործողություններում չկար այդ հանգստությունը։ Վաղը մենք՝ մարզիչներս, փորձելու ենք ամեն ինչ անել, որ առաջնային այդ հանգստությունը ապահովենք, մնացածը ցույց կտա խաղի ընթացքը»։

«Արարատի» ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի խոսքով՝ երկու գոլի տարբերություն կա, բայց թիմը պայքարելու է հաղթանակի համար։ «Եկել ենք այստեղ դրա համար, այլ ոչ պարզապես մասնակցենք խաղին և վերադառնանք։

Մենք ցույց տվեցինք, որ նույնպես լավ թիմ ենք և կարող ենք խաղալ նրանց դեմ, ու ոչ միայն նրանց։ Կարծում եմ ցույց տվեցինք, որ ունակ ենք մասնակցել նման խաղերի և լավ արդյունքներ գրանցել»։

Խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22։00-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս