Բաժիններ՝

Տեխնոլոգիաների ոլորտի ապագա  մասնագետն ու ապագա վիրաբույժը․ Գարիկ Հայրապետյան

Տեխնոլոգիաների հանդեպ սերն ու հետաքրքրությունն ավելի ու ավելի է զարգանում հայ պատանիների շրջանում։ Մայրաքաղաքում և մարզերում պատանիները ստեղծում են նոր ու ստեղծարար գաղափարներ, փորձում են իրենց նախագծերի միջոցով հեշտացնել կյանքը, մտածել լուծումներ, որոնք կարող են փոխել ներկան և ավելի լավը դարձնել ապագան։ Գարիկ Հայրապետյանը փորձում է իր ուժերն ամենատարբեր ոլորտներում, և չնայած որպես հիմնական մասնագիտություն՝ ընտրել է վիրաբուժությունը, այժմ շատ ակտիվ աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Գարիկ Հայրապետյանը սովորում է Սյունիքի մարզի Շինուհայրի միջնակարգ դպրոցում, այս տարի փոխադրվում է 12-րդ դասարան։ 2018 թվականից սովորում է Շինուհայրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։

«Այս 3 տարիների ընթացքում «Արմաթում» ուսումնասիրել ենք շատ ծրագրեր, թեմաներ, փորձել ենք շատ բաներ, հատկապես շատ եմ հավանել վեբ ծրագրավորումը և 3D տպագրությունը։

Մանկուց սիրել եմ այն ամենը, ինչ կապված է համակարգիչների և նորագույն տեխնոլոգիաների հետ։ Ոլորտում խորացել եմ ինքնուրույն՝ անընդհատ նոր բաներ փորձելով, պրպտելով, սովորելով, համացանցից օգտվելով։ Հատկապես հիմա գիտությունն ու տեխնոլոգիաները թույլ են տալիս ցանկացած մարդու սովորել համարյա ամեն ինչ՝ առանց երկրորդ անձի օգնության։ Ինչքան էլ տարօրինակ թվա, բայց ապագա մասնագիտությամբ վիրաբույժ եմ, որովհետև շատ եմ սիրում բժշկությունն ու ինձ պատկերացնում եմ հենց այս կերպարում։ Այո, ես աշակերտ եմ, ով ցանկանում է դառնալ բժիշկ, բայց պոկ չի գալիս ՏՏ ոլորտից։ Կարծում եմ՝ ապագայում հենց խորանալու եմ այս երկու ճյուղերի համակցման ու համատեղ զարգացման ուղղությամբ, այսինքն՝ փորձելու եմ  նորագույն տեխնոլոգիաները հնարավորինս ներդնել բժշկության ոլորտում»։

Գարիկն ընկերների հետ ցանկանում է ստեղծել հարթակ՝ հայալեզու մեդիագրագիտության ռեսուրսներով։

«Վերջերս մասնակցել եմ Դիլիջանում կայացած մեդիագրագիտության և անձնական տվյալների պաշտպանության հաքաթոնին, որի ընթացքում թիմակիցներիս հետ մշակել ու զարգացրել ենք իմ նախնական գաղափարը՝ ստեղծել հարթակ՝ վեբկայք, որտեղ հավաքված կլինեն հայալեզու մեդիագրագիտության ռեսուրսներ։ 4 օրում միասին ներկայացրել ենք համարյա պատրաստի պրոդուկտ, իսկ հիմա աշխատում ենք պրոդուկտի թերությունների վրա։ Կայքի ուղղվածությունը թեքել ենք դեպի տեխնոլոգիական լրագրություն, որովհետև կարծում ենք, որ Հայաստանում կոնկրետ այս ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքներ՝ ՏՏ ոլորտով հետաքրքրված մարդկանց անհրաժեշտ կոնտենտ մատուցելու համար։ Հարթակի միջոցով փորձելու ենք հատկապես խթանել Հայաստանում գործող ՏՏ ոլորտի փոքր և միջին ստարտափներին, լուսաբանել նրանց կատարած աշխատանքը։ Բացի սրանից, հարթակը ունի մի քանի կարևոր բաղկացուցիչ մասեր նույնպես։ Վերջնական պրոդուկտը նախատեսում ենք ներկայացնել սույն թվականի հոկտեմբերին կայանալիք «DiGi Tech Expo 2021»-ի ժամանակ»։

Այս տարի Գարիկը համայնքի ակտիվ երիտասարդների հետ միասին մասնակցել է դրամաշնորհային ծրագրի՝ համայնքում փոքր լոկալ բիզնես սկսելու համար, և ստացել են 500,000 դրամի դրամաշնորհ՝ ծրագիրն իրականացնելու համար։

«Ես, լինելով բազմազբաղ և բազմաթիվ հետաքրքրությունների տեր մարդ, այժմ փորձում եմ ֆիլտրել և առանձնացնել այն հիմնական ուղղությունները, որոնց վրա աշխատելու եմ հետագայում և որոնց վրա փորձելու եմ կերտել իմ աշխատանքային կարիերան։ Մասնավորապես՝ այժմ ուսումնասիրում եմ քիմիա և կենսաբանություն գիտությունները՝ խորացված․ այս առարկաներից պետք է հանձնեմ քննություններ։ Բացի քննություններից, մասնակցել և մասնակցում եմ նաև առարկայական օլիմպիադաների։

Այս ամառ փորձում եմ սովորել նոր ծրագրավորման լեզու, խորացնել գիտելիքներս ծրագրավորման ոլորտում։ Կարծում եմ, որ ապագայում մեկ մասնագիտությամբ շատ առաջ չես գնա, այդ պատճառով փորձում եմ լինել բազմակողմանի զարգացած մարդ։

Շատ եմ սիրում նկարել, այդ պատճառով սիրել եմ նաև գրաֆիկ դիզայնը։ Այժմ ինքնուրույն ուսումնասիրում և սովորում եմ գրաֆիկական ծրագրեր, կատարում եմ ֆրիլանս աշխատանքներ, կարծես թե լավ է ստացվում։

Այժմ, ինչպես արդեն նշեցի, թիմիս հետ միասին աշխատում ենք մեր պրոյեկտի վրա՝ այն հոկտեմբերին էքսպոյի ժամանակ ներկայացնելու համար։

Մոտ մեկ ամիս առաջ միացել եմ «Մարզերի երեխաները՝ մարզերում» ծրագրին, որը նպաստում է մարզերի երեխաների զարգացմանն ու առաջընթացին։ Այժմ փորձում եմ ակտիվություն դրսևորել ծրագրում, իրականացնել կամավորական աշխատանքներ և այլն»։

Գարիկը կարծում է, որ հաջողության հասնելու համար պատանիները առաջին հերթին պետք է աշխատեն անձնային աճի վրա և լինեն բազմակողմանի զարգացած մարդ, որովհետև այս աշխարհում կողմնորոշվելու համար շատ և կարևոր հմտություններ ունենալը առաջնային է։

«Սովորեք, փորձեք, պրպտեք, ինքնակրթվեք ու ինքնազարգացեք․ միայն այսպես եք կարողանալու իրական հաջողություններ գրանցել։ Մի սպասեք, որ ուրիշները ձեզ ինչ-որ բան սովորեցնեն, ինքներդ գնացեք գիտելիքի հետևից։

Կառավարեք ձեր ժամանակը․․․ ավելի ճիշտ՝ ձեր քայլերը, որովհետև ժամանակն անկարելի է կառավարել։ Մեր ժամանակը շատ կարճ է, և պետք է ամեն կերպ փոձենք հասցնել անել այն, ինչ ցանկանում ենք անել։ Անելիքները ճիշտ պլանավորելու դեպքում երբեք էլ ծրագրավորումը չի խանգարի քիմիա և կենսաբանություն սովորելուն։

Հայաստանն այս պահին, առավել քան երբևէ, ունի մեր կարիքը։ Պետք է ամեն ինչ անենք մեր երկրի հետագա զարգացման և բարգավաճման համար։ Հատկապես հիմա՝ տեխնոլոգիական զարգացած դարաշրջանում, երբ գիտությունն ավելի արագ է զարգանում, քան մարդիկ՝ ծերանում, մենք հնարավորություն ունենք մեր երկրի զարգացմանը նպաստել հենց տնից՝ համակարգչի առջև նստած։ Կարող եք ծանոթանալ բազմաթիվ հաջողակ հայկական ստարտափների պատմություններին, որոնք, առանց ՀՀ սահմաններից ֆիզիկապես դուրս գալու, պրոդուկտներ են մատակարարում աշխարհի բոլոր ծայրերում ապրող մարդկանց և կազմակերպություններին։

Սովորեք լեզուներ, կարդացեք գրքեր, կյանքում ամեն ինչ դիտարկեք՝ որպես ինֆորմացիայի ու գիտելիքի աղբյուր։ Կյանքը դպրոց է, եթե ինչ-որ բան դպրոցում ձեզ չեն սովորեցրել, ապա սովորեք դա հիմա։

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ինչ-որ ոլորտում պետք է լինի լավագույնը՝ միակն ու անկրկնելին, այլապես այդ մարդու գոյությունն արդարացված չէ։ Միջակությունն այլևս ապագա չէ, պետք է կա՛մ լինել լավագույնը, կա՛մ չլինել ընդհանրապես»։

«Ինձ միշտ էլ դուր են եկել գործուղումները կամ արտասահմանում սովորելը, բայց սրանք պետք է միայն էլ ավելի մոտեցնեն Հայաստանին, որովհետև մեր այսօրվա յուրաքանչյուր քայլ ուղիղ ազդեցություն ունի Հայաստանի վաղվա օրվա վրա։ Շատ երազանքներ ունեմ՝ կապված երկրիս զարգացման հետ,  և ապագայում փորձելու եմ ամեն կերպ իրականություն դարձնել դրանք։

Ցանկանում եմ ապրել և աշխատել Հայաստանում՝ Հայաստանի համար, որպեսզի ապագայում երիտասարդներին Հայաստանում մնալու հարցը տալիս լսեք միայն մեկ՝ հաստատական պատասխան»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս