Քաղաքապետարանում աշխատավարձերը կբարձրանան. ավագանին կողմ քվեարկեց
Երևանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում 34 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց Քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Ավագանու անդամները մտահոգություն էին հայտնում, որ բերված նախագծում պահպանված չէ սոցիալական արդարության բաղադրիչը, քանի որ տարբեր հաստիքներ զբաղեցնող աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվում են տարբեր տոկոսներով՝ 30-ից մինչև 130 տոկոս: Չնայած այս մտահոգություններին, նախագիծն ընդունվեց առանց փոփոխությունների:
Հիշեցնենք՝ ավելի վաղ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել էր, որ դեմ է իր աշխատավարձի բարձրացմանը և չի մասնակցելու քվեարկությանը: Ինչպես նաև նախագծի ընդունման դեպքում հրաժարվելու է աշխատավարձի ավելացված մասից:
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 168.am-ի հետ զրույցում այս հայտարարությունը պոպուլիստական էր որակել։
Նշենք նաև, որ մինչև աշխատավարձերի բարձրացումը չի վերանայվել կամ օպտիմալացվել Քաղաքապետարանի հաստիքացուցակը, որը մշտապես որակվել է «ուռճացված»: Այս մասին նախագծի համահեղինակներին հիշեցրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը:
«2019-ին, երբ առաջին անգամ աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկվում էր, հիմնական թեզերից մեկը, որի պատճառով մենք այն ժամանակ դա չարեցինք, օպտիմալացումների խնդիրն էր: Իմ իմանալով՝ ոչ մի բան այդ հարցում չի արվել, ի՞նչն է փոխվել, որ առանց այդ, իմ կարծիքով, կարևոր հարցերը լուծելու՝ բերել եք այս նախագիծը»:
«Իմ քայլը» խմբակցության անդամ, նախագծի համահեղինակ Լևոն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ օպտիմալացումներ, հաստիքացուցակի վերանայումներ 2019-ից սկսած եղել են: