Ո՞ր արժանիքի համար է թաղապետի 400 հազար աշխատավարձը դառնում 800 հազար. Անի Խաչատրյան
Այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստում քննարկում է Քաղաքապետարանի մոտ 2000 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը: Նախագիծն օրակարգ են բերել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Լևոն Հովհաննիսյանը և Արմեն Գալջյանը: Ավագանու անդամների մի մասին մտահոգում է, թե ինչո՞ւ են աշխատավարձերը բարձրացնում տարբեր տոկոսներով:
«Ցանկացած նման նախագծի մեջ կարևոր է սոցիալական արդարության բաղադրիչը, աշխատավարձերի մինիմալ բարձրացումը, եթե չեմ սխալվում, 25 % էր. Մաքսիմալը՝ 125%: Արդյոք ճի՞շտ եք համարում այդքան տարբերությունն աշխատավարձերի միջև, օրինակ՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատավարձը բարձրանում է 125 %, իսկ նույն վարչական շրջանի մեկ այլ աշխատակցինը՝ 25%: Ես կողմ եմ, որ վարչական շրջանի ղեկավարի աշխատավարձը բարձրացվի 125 %-ով, բայց արդյո՞ք հաշվարկված է ձեր նախագծում սոցիալական արդարության բաղադրիչի պահպանումը»,- հարցրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը:
Նախագծի համահեղինակ և զեկուցող, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա բնական է, որովհետև ցանկացած կառույցում ղեկավար պաշտոն զբաղեցնողներն ավելի բարձր են վարձատրվում, քան միջին օղակի աշխատակիցները: Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ կասկած հայտնեց, որ սա քաղաքական որոշում է:
«Չեմ հավատում, որ այս նախագծի արտահերթ նիստ գալը զուգադիպություն էր և ԱԺ 250.000 բարձրացման հետ փոխկապակցված չէր: Խիստ կասկածներ ունեմ, որ սա քաղաքական որոշում է, և իշխող խմբակցությունն ուզում է իր իշխանության աշխատակիցներին, պատգամավորներին բարձր աշխատավարձով սկսել վարձատրել, քանի որ այս նախագիծը այս պատերազմական շրջանում, ու չասեք երեկ են եղել դեպքերը, Երասխում տևական շրջան լարված է, Սյունիքում՝ ևս, սա այսքան հրատապ, արտահերթ նիստով բերելու նախագիծ չէր, որովհետև աշխատակիցները երկու տարուց ավելի սպասում են բարձրացմանը, մեկ ամիս էլ կսպասեին, որ այս նախագիծը գար հաջորդ հերթական նիստ: Դուք հրատապ բերել եք նախագիծը, որը, մեղմ ասած, բարոյական չի Հայաստանում տիրող իրավիճակի առաջ, թաղապետի 400.000 աշխատավարձը դառնում է 800.000, ո՞ր արժանիքի համար են վարչական շրջանի ղեկավարների աշխատավարձերը բարձրանում 100-ից ավելի տոկոսով, իսկ սովորական աշխատողներինը՝ 30 տոկոս: Ինչո՞ւ այսքան հրատապ, ինչո՞ւ արտահերթ նիստով, ի՞նչ է սա տալու ՀՀ քաղաքացուն, Երևանի քաղաքացուն, որ չսպասեցիք հերթական նիստ գալու համար և այս ծանր վիճակում աշխատակազմի աշխատավարձերի 100 տոկոսով բարձրացումը բերել եք արտահերթ նիստ, հրատապ՝ թե՛ այստեղ, թե՛ ԱԺ-ում»,- ասաց Խաչատրյանը:
Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ այս նախագիծը բերել են արտահերթ նիստով, որպեսզի երկար ժամանակ ունենան ավագանու անդամների հարցերին պատասխանելու համար, իսկ հերթական նիստերի ժամանակ օրակարգը հագեցած է լինում: Նա նաև պնդեց, թե քաղաքական թիմի անդամների աշխատավարձերը չեն բարձրանում, ինչին ի պատասխան՝ Անի Խաչատրյանը հիշեցրեց, որ մի շարք վարչական շրջանների ղեկավարներ, վարչության պետեր իշխող քաղաքական թիմի անդամ են:
«Նախագծին կողմ եմ քվեարկելու, որ բարձրանան մաքրուհիների աշխատավարձերը, Քաղաքապետարանի սովորական աշխատակիցների աշխատավարձերը, և ոչ նրա համար, որ իշխող խմբակցության գրպանը ուռի, որովհետև իշխանությունները միշտ սիրում են բարձր վարձատրվել»,- ասաց Անի Խաչատրյանը:
Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հարցի ու արձագանքի համար շնորհակալություն հայտնելու պահին շփոթվեց և Անի Խաչատրյանին դիմեց «պարոն»-ով, ինչը ծիծաղ առաջացրեց ավագանու նիստերի դահլիճում: Նա, իհարկե, ներողություն խնդրեց վրիպակի համար: