Կարո՞ղ է սեպտեմբերին ավագանին լուծարելու ծրագիր կա. Իզաբելլա Աբգարյան
Այսօր Երևանի ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանն իր նախկին թիմակից Լևոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման դրվել արտահերթ նիստով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Քաղաքապետարանում վերջին անգամ աշխատավարձեր բարձրացվել են 2011թ․, և «դա չի արտացոլում միջանկյալ ժամկետում տեղի ունեցած գնաճի, մասնագետին վարձատրության տեսքով տրվող գնահատականի և առհասարակ աշխատանքային շուկայում տիրող իրական պատկերը»:
Նաև կար պնդում, թե ցածր աշխատավարձերի պատճառով Քաղաքապետարանը չի կարողանում հանդես գալ՝ որպես մրցունակ գործատու, նկատվում է նաև մասնագետների որոշակի արտահոսք:
«3 տարվա ընթացքում միայն նո՞ր հասկացանք, որ լավ կադրերի խնդիր կա, և մարդիկ, իրոք, ցածր աշխատավարձ են ստանում, որով դժվար է ընտանիք պահել: Ուստի հարցս հրատապության հետ է կապված, մնացինք, մնացինք 3 տարի, ու հարցը բերվեց արտահերթ նիստով, ինչը շատ տարօրինակ է, որովհետև արտահերթ նիստի գաղափարը հրատապ հարցերն են, որոնք քաղաքի համար հրատապ կարևորություն ունեն և պետք է շտապ լուծվեն, այն էլ՝ ավագանու արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում բերել աշխատավարձերի բարձրացման նախագիծ, գումարած այն ծանր վիճակին, որում հիմա գտնվում է հանրապետությունը, և իսկապես բոլորիս հայացքն ուղղված է դեպի սահման, ճիշտն ասած, նման օրակարգ այսօր բարձրացնելն ինձ համար տարակուսելի է:
Կարծում եմ՝ հրատապության հարցը պարզաբանելու կարիք ունեք, ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ եք ավագանուն արձակուրդից կանչում ընդունելու, և ուղիղ եմ հարցս տալու՝ կարո՞ղ է սեպտեմբերին ավագանին, օրինակ, վարչատարածքային փոփոխության միջոցով լուծարելու ծրագիր կա, և պետք է այս հարցն էլ ընդունել, աշխատավարձերն էլ բարձրացնել, նոր անել դա»,- հարցրեց Աբգարյանը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ, նախագծի համահեղինակ Լևոն Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել այդ լուրերը, բայց պնդեց, որ իրենց նախագիծը դրա հետ կապ չունի:
Ավելի վաղ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասել էր, որ հարցն օրակարգ բերել են արտահերթ նիստով, որպեսզի ավելի երկար ժամանակ ունենան ավագանու հարցերին պատասխանելու համար: Այս պատասխաններն Աբգարյանին չբավարարեցին:
«Իմ հարցին Դուք չպատասխանեցիք»,- ասաց նա: