«Քաղաքապետարանի աշխատավարձային ֆոնդը պետք է վերանայել միայն օպտիմալացումների միջոցով. հաստիքացուցակներն ուռճացված են». Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու վաղվա արտահերթ նիստի օրակարգում է Քաղաքապետարանի մոտ 2000 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը։
Երեկ 168.am-ի հետ զրույցում ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել էր, որ իրենց հետ այս հարցով որևէ քննարկում չի եղել, և միայն երեկ՝ ավագանու արտահերթ նիստից 2 օր առաջ, հանձնաժողովի նիստ պետք է լիներ ու քննարկվեին ավագանու անդամներին հուզող հարցերը: Արդեն այսօր մեզ հետ զրույցում Խաժակյանն ասաց, որ իրենք իրենց առաջարկները հնչեցրել են:
«Դրանք դեռևս չեն ընդունվել, կամ չեն մերժվել նախագծի հեղինակի կողմից: Դրանք մասնավորապես վերաբերում են մի քանի դրույքաչափերի, որոնք ըստ մեզ՝ կարող էին այլ լինել: Կարծում եմ, որ այսօրվա ընթացքում նախագծի հեղինակներն այդ հարցի պատասխանը կտան, բայց դեռևս մեր խմբակցության հետ չունենք դիրքորոշում, չենք քննարկել և չունենք որոշում քվեարկության վերաբերյալ»,- ասաց Խաժակյանը:
Մեր հարցին, թե դրույքաչափերի վերաբերյալ մտահոգությունները կապված էին բարձր պաշտոն զբաղեցնողների աշխատավարձերի ավելի բարձր տոկոսով ավելանալու հե՞տ, Խաժակյանն արձագանքեց.
«Ե՛վ բարձր պաշտոն զբաղեցնողների, և՛ ընկալումների: Վարչական շրջանի ղեկավարը, ըստ էության, հայեցողական պաշտոն է, որը սովորաբար զբաղեցնում են ըստ քաղաքական նպատակահարմարության, իսկ վարչության պետի աշխատանքը նախ մասնագիտական է, հետո պահանջում է քաղծառայության որոշակի փորձ, և ի վերջո վարչության պետը որոշումներ է կայացնում ամբողջ քաղաքի, ոչ միայն մեկ վարչական շրջանի համար: Իմ տեսակետն այն էր, որ աշխատավարձի այդքան մեծ տարբերություն, ինչը որ նախատեսված է վարչական շրջանի ղեկավարի և վարչության պետի միջև, չպետք է լինի, ես այդ միտքը հնչեցրել եմ, որպես առաջարկ ներկայացրել եմ, որ այդ տարբերությունը պետք է կրճատվի, և դեռևս արձագանք չունեմ, բայց այստեղ, կարծես թե, ունենք ընկալումների որոշակի տարբերություն»:
Վարչական շրջանի ղեկավարների աշխատավարձը 400.000-ից կդառնա 850.000 դրամ, իսկ վարչությունների պետերի աշխատավարձը 346.000-ից կդառնա 697.000 դրամ: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը նաև մանրամասնեց, թե քանի՞ տոկոսով է նախատեսված բարձրացնել աշխատավարձերը:
«Հիմնականում աշխատավարձերը բարձրանում են շուրջ 30 տոկոսով, իսկ բարձր ղեկավար պաշտոններ զբաղեցնողներինն ավելի շատ՝ 80, 100, 110 տոկոսով: Ընկալումների հարց է, այս անհավասարությունը, իհարկե, գիտեմ, որ որոշակի դժգոհությունների առիթ տվել է քաղաքապետարանի ներսում, բայց կարծես թե այս մասով որոշումը հստակ է, որ բարձրացումը հենց այդպես պետք է տեղի ունենա, ընդ որում, որքան հասկանում եմ՝ Կառավարությունն այս փոփոխություններին դեմ չէ՝ հաշվի առնելով, որ սրա արդյունքում համայնքային աշխատավարձերն էապես կտարբերվեն պետական այլ պաշտոնների դրույքաչափերից»,- ասաց Խաժակյանը:
Ավագանու ընդդիմադիր անդամները դեմ չեն արտահայտվել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, փոխարենը՝ մշտապես պնդել են, որ հաստիքացուցակներն են ուռճացված: Դավիթ Խաժակյանը հիմա էլ այդ կարծիքին է:
«Ոչ միայն ուռճացված են հաստիքացուցակները, այլև այս իշխանության կողմից էլ ավելի են ուռճացվել, և մեր դիրքորոշումը եղել ու մնում է այն, որ աշխատավարձային ֆոնդը պետք է վերանայել միայն օպտիմալացումների միջոցով, հիմա այն, ինչ-որ արվում է, իրականացվում է պարգևատրման ֆոնդի հաշվին, բայց այդուհանդերձ կա մեծ օպտիմալացման անհրաժեշտություն, որն այդպես էլ չնախաձեռնվեց, խոստացվեց, բայց չնախաձեռնվեց այս իշխանության կողմից»,- ասաց Խաժակյանը: