Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որը վարույթ է ընդունել ՀՀ քննչական կոմիտեն: Քննչական կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«2021թ. հուլիսի 28-ին` ժամը 03:30-ից 03:50-ի սահմաններում, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորությամբ, ՀՀ տարածքի մասն առանձնացնելու և զավթելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների վարչական տարածքներում գտնվող Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանային հատվածում, բռնություն են գործադրել պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների նկատմամբ, որի ընթացքում երկու կամ ավելի անձանց սպանելու դիտավորությամբ, ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, հրետանային և հրաձգային միջոցներից կրակ են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, գրավել են պահպանվող հենակետերից մեկը, որի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դավիթ Գառնիկի Քոչարյանը և Կորյուն Արայիկի Հարությունյանը ստացած հրազենային և բեկորային մարմնական վնասվածքներից մահացել են, իսկ պարտադիր ժամկետային հինգ զինծառայողներ, շարքայիններ ստացել են տարբեր աստիճանի հրազենային, բեկորային մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական 300.2-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ և ձեռնարկվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս