ՀԱՊԿ-ի նախագահությունը կանցնի Հայաստանին. Ռուբեն Ռուբինյանը` ՀԱՊԿ-ի ու ՄԱԿ դիմելու մասին
Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 16-ից ՀԱՊԿ-ի նախագահությունը կանցնի Հայաստանին` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Նաևնշել է, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա ներկայիս իրավիճակներին, քանի որ դա ՀԱՊԿ պարտավորությունն է։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու հարցին, նա ասել է՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մի կառույց է, որը որոշումների է հանգում կոնսենսուսով, խորհրդին դիմելուց առաջ պետք է նախնական աշխատանք կատարել։
Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում շատ են քննարկումները ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու թեմայով.
«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մի կառույց է, որը որոշումների է հանգում կոնսենսուսով։ Ես սա ասում եմ, որովհետև անընդհատ տեսնում եմ, որ հարցնում են, թե ինչո՞ւ չեք դիմում ՄԱԿ-ի ԱԽ։ Այնտեղ գործընթացները ծավալելն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որոշակի «տնային աշխատանք» է կատարվել ։ Պետք է որոշակի գործողություններ կատարվեն մինչ այդ», – ասել է նա:
Ըստ նրա՝ այդ գործընթացը պետք է լինի ըստ պատեհության և եթե նման անհրաժեշտություն լինի, ապա համապատասխան գործողություններ կձեռնարկվեն։
«Այս պահի դրությամբ Հայաստանը միջազգային հանրությանն ու իր գործընկերներին տեղեկացնում է կատարվածի վերաբերյալ և ակնկալում համապատասխան արձագանք։ Իսկ այն սուբյեկտները, որոնց հետ մենք ունենք իրավապայմանագրային բազա, որը նախատեսված է նմանատիպ դեպքերի համար, մենք օգտագործում ենք այն գործիքակազմը (կամ քայլեր ենք անում այն օգտագործելու համար), որը նախատեսված է ըստ պայմանագրերի»,-ասել է նա: