Սոթքի հանքի աշխատանքը դադարեցված է․ գիշերն աշխատակիցները տարհանվել են. «Գեոպրոմայնինգ Գոլդ»
Սոթքի ոսկու հանքի գործունեությունն այժմ դադարեցված է: «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից 168.am-ին փոխանցեցին, որ հանքի գործունեությունը դադարեցնելու որոշումը կայացվել է այսօր գիշերը սկսված հրաձգությունից հետո:
«Սոթքի հանքի աշխատանքն այս պահին դադարեցված է: Գիշերվանից է դադարեցվել, այդ էսկալացիայի հետևանքով: Մենք հրատապ որոշում ենք կայացրել՝ տարհանել աշխատակիցներին՝ ապահովելով նրանց անվտանգությունը: Տուժածներ չկան: Հենց սկսվել են մարտական գործողությունները, հրատապ որոշում է կայացվել տարհանել բոլոր աշխատակիցներին»,- 168.am-ին հայտնեցին «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ՊՆ-ն հաղոդրագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի 3 զոհ։
Վիրավորների մասին տեղեկությունը պարբերաբար թարմացվում է: