«Թշնամին մեծ ուժերով հարձակում է գործել մեր մարտական դիրքերից մեկի վրա, կարողացել է վերցնել դիրքը». Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ուղիղ միացմամբ Գեղարքունիքի մարզից մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանային դիրքերի վրա հարձակման վերաբերյալ:

«Թշնամին մեծ ուժերով հարձակում է գործել մեր մարտական դիրքերից, հենակետերից մեկի վրա, կարողացել է վերցնել դիրքը: Բայց դժվարությամբ տղերքը հերոսական պայքար են մղել, և ինչպես հետո պարզվել է, մինչև վերջին փամփուշտը կռվել են տղերքը: 3 զոհ ունենք, 3 հերոս, նաև կան վիրավորներ, որոնք կարողացել են մարտերով մի կերպ անցնել հարակից դիրքերը: Շատ կարճ ժամանակում հրամանատարությունը, գործելով գրագետ ու օպերատիվ, պատկերացրեք, որ սերժանտից, դիրքի ավագից սկսած՝ վաշտի, գումարտակի բոլոր օղակի հրամանատարներով, բանակային կորպուսի հրամանատարությունով և ԶՈՒ բարձրագույն հրամանատարությունով գործել են շատ համարձակ, շատ հստակ, օպերատիվ, հակառակորդին չեն թողել ընդհանրապես ուշքի գա ընդհանրապես: Շատ արագ հակահարձակում է կատարվել, դիրքը վերականգնվել է ու ինչպես պարզվել է՝ հերոսացած 3 տղաների զենքերի մեջ չի եղել ոչ մի փամփուշտ: Մինչև վերջին փամփուշտը տղերքը կռվել են: Մնացածի մասով ընթացքում կխոսենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: Ինչպես հայտնում են պաշտպանական գերատեսչությունից՝ հակառակորդը գիշերը փորձել էր բարելավել իր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար:

Ի դեպ, վաղ առավոտից հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկություններ է տարածում նաև Արծրուն Հովհաննիսյանը։

MediaHub.am-ը կապ էր հաստատել ՊՆ՝ հասկանալու, թե արդյոք Արծրուն Հովհաննիսյանի գրառումները համարվո՞ւմ են պաշտոնական տեղեկատվություն, և թե այժմ որպես ո՞վ է նա ներկայացնում իրադրությունը։

«ՊՆ պաշտոնական բոլոր հաղորդագրությունները տեղադրվում են ՊՆ կայքում։ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէ, և նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարող»,- նշել են գերատեսչությունից։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս