«Կութում իրավիճակը հանգիստ է, Վերին Շորժայում են ուժեղ բոյերը»․ Կութի գյուղապետ
«Մեր տարածքում գիշերն են կրակոցներ եղել, այս պահին համեմատաբար հանգիստ է, կրակոցներ չկան, Սոթքում և Վերին Շորժայում են ուժեղ բոյերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։
Գյուղապետի խոսքով՝ մարդիկ այսօր սովորականի պես չեն կարողանում իրենց աշխատանքները կատարել, անգամ անասուններին արոտ չեն տարել․
«Անասնապահը հրաժարվել է անասուններին սար հանի, չի տարել, ամենքն իրենց անասուններին հանել են իրենց տների մոտերը․․․»։
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Կութից մարդկանց տարհանում են, Սիմա Չիտչյանը վստաեհցրեց, որ մինչ այս պահը տարհանում չի եղել, բայց և չբացառեց նման սցենարը․
«Դեռ նման բան չկա, բայց հնարավոր է, մի հատ էլ նման բան լինի՝ հնարավոր է՝ մարդիկ դուրս գան գյուղից, ինչի՞ այստեղի երեխեքը երեխեք չէ՞ն, թե՞ այստեղ վախ չկա․․․»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթանում են տեղային մարտեր:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների հետևանքով, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր են։ Մարտական գործողությունները շարունակվում են։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։