Բաժիններ՝

Արտասահմանաբնակ սոպրանոներ Դիանա Ամիրյանն ու Յուլիա Կարատաշը ելույթ կունենան Երևանում

Միջազգային ստեղծագործական միավորում «Արվեստ» ՀԿ-ն, որի նախագահն Էրվին Ամիրյանն է, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ առաջին անգամ օգոստոսի 2-ին Երևանում կանցկացնի դասական վոկալ երաժշտության համերգ՝ «Մեկ հայրենիք՝ մեկ մշակույթ» խորագրով:

Համերգին ելույթ կունենան ազգությամբ եզդի մեներգչուհի սոպրանո Դիանա Ամիրյանը (Գերմանիա) և ազգությամբ քուրդ մեներգչուհի սոպրանո Յուլիա Կարատաշը (Գերմանիա), նվագակցողը Գայանե Թորոսյանն է:

Կհնչեն արիաներ և ռոմանսներ՝ հայ (Է․Միրզոյան, Ալ․ Սպենդիարյան) և եվրոպական կոմպոզիտորների (Շուբերտ, Կաչինի, Ջովանի, Հենդել, Գլյուկ) ստեղծագործություններից:

Համերգը բաղկացած կլինի երկու բաժնից և կտևի մոտ 2 ժամ: Համերգի առաջին հատվածում Էդվարդ Միրզոյանի 100-ամյա և Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանների առթիվ կհնչեն նրանց ստեղծագործություններից։ Համերգի երկրորդ հատվածում կհնչեն Կոմիտաս Վարդապետի հայերեն և օտար լեզուներով գրառած երգեր:

Համերգը կվարի դերասան Արեն Խաչատրյանը: Այն կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Դիանա Ամիրյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական մեներգեցողության բաժինը: Հետագայում ուսումը շարունակել է նույն բուհի ասպիրանտուրայում` պրոֆեսոր Տաթևիկ Սազանդարյանի դասարանում: Հանդես է եկել մենահամերգներով եվրոպական մի շարք երկրներում: Ամիրյանը Գերմանիայում հիմնել է սեփական վոկալ-ստուդիան, որտեղ էլ մինչ օրս դասավանդում է դասական վոկալ:

2019-ին արժանացել է Դույսբուրգ քաղաքի հատուկ մրցանակի` երկարամյա մանկավարժական գործունեության և երգարվեստում մեծ ավանդի համար:

Յուլիա Կարատաշն ավարտել է Վուպերտալի (Գերմանիա) կոնսերվատորիայի դասական մեներգեցողության բաժինը: Հանդես է եկել մենահամերգներով եվրոպական մի շարք երկրներում: Գերմանիայում hիմնել է սեփական վոկալ-ստուդիան, որտեղ էլ մինչ օրս դասավանդում է դասական վոկալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս