Բաժիններ՝

Դիմորդներից ոմանք հայտագրվել են առանց մասնագիտությունը նշելու, բայց սխալն ուղղելու շանս ստացել են

Բուհերի ընդունելության միասնական քննությունների ընթացքում դիմորդներից 365-ը հայտագրվել է՝ առանց մասնագիտությունը նշելու: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

Խնդիրն այն է, որ այս տարի ընդունելության կարգում փոփոխություն է եղել. դիմորդները պետք է հայտագրեին մեկ բուհ, մեկ մասնագիտություն, իսկ անցած տարի հայտում միայն մեկ մասնագիտություն չեն նշել, բուհ ընդունվելը ըստ հերթականության է եղել:

«Բոլոր անճշտությունների, թերությունների դեպքում ԳԹԿ-ից կապ են հաստատել դիմորդների հետ և հորդորել շտկել թերությունները: Զանգել ենք հասկանալու՝ դիտմամբ չե՞ն լրացրել, թե՞ պատահաբար է եղել: Պատահել է, որ սխալվել են: Սակայն, եղել են դեպքեր, երբ մարդիկ հեռախոսազանգերին չեն պատասխանել»,- նշեց ԳԹԿ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ տվյալ դիմորդները երկրորդ փուլում մասնագիտություն հայտագրելու թույլտվություն ստացել են:

Հավելենք, որ հուլիսի 26-ին լրացել է նաև բուհերի ընդունելության՝ թափուր տեղերի մրցույթի վերջնաժամկետը: Փոխել հայտը կամ դիմել՝ մինչև 6 մասնագիտություն նշելով, կարող էին միասնական քննություններին դրական միավորներ ստացած, բայց մրցույթի հիմնական փուլում իրենց նշած մեկ մասնագիտությամբ չընդունված դիմորդները: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը հուլիսի 16-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ թափուր մնացած տեղերի թիվը մեծ է: Պետական և ոչ պետական բուհերի թափուր տեղերը միասին կազմում են 15.000: Բուհերին հատկացված անվճար տեղերի թիվը 1800 է, իսկ վճարովի տեղերի թիվը՝ 21․820:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս