Խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել․ Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը նամակով դիմել է ԱԺ  աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Առնալ Ավետիսյանին՝ պահանջելով պատասխանել իր այն տեղեկություններին, որ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել։ Նա ֆեյսբուքյան իր էջում տարածել է նամակը՝ գրելով․

«Լրագրողի ազատությունը անհրաժեշտություն է, և ոչ երբեք՝ գլխացավանք

Սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ, ինձ տեղեկություն հասավ այն մասին, որ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել։ Խիստ անընդունելի եմ համարում լրագրողների նկատմամբ նման գործելաոճը:

Հատկապես երկրի օրենսդիր մարմնում, հանրային գործունեությամբ զբաղվող պատգամավորների հետ աշխատանքը զգալի դերակատարություն ունի ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյաների հաշվետվողականության, պատգամավորական գործունեության հրապարակայնացման գործում։

Եվ պետք է արձանագրենք, որ այդքան կարևոր լրագրող-պատգամավոր ազատ, անսահմանափակ կապի խաթարումը խիստ բացասական հետևանքներ է ունենալու խորհրդարանական երկրի համար, որի օրենսդիր մարմնում լրագրողները ավանդաբար ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք և կարողացել օգտագործել այդ հնարավորությունը՝ հանրային շահերի պաշտպանության կարևոր գործում։
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ արդեն դիմել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ խնդրելով տեղեկատվություն ստորև նշված հարցերի վերաբերյալ․

1. Արդյո՞ք խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում կայացվել է, և ի՞նչ հիմնավորմամբ։

2. Ինչո՞ւ են լրագրողները գտնվելու հատուկ սենյակում, և ինչո՞ւ է սահմանափակվելու նրանց տեղաշարժը Ազգային ժողովում։

3. Ինչո՞ւ է սահմանափակվում լրագրող-պատգամավոր կապը։ Այդ կապն ավանդաբար եղել է ազատ, լրագրողները խորհրդարանում ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք, իսկ հիմա այդ կարևորագույն կապը խաթարվում է, և լրագրողների տեղաշարժը՝ սահմանափակվում։

4. Լրագրողների նկատմամբ այս տարբերակված մոտեցումը քաղաքական ի՞նչ նպատակ է հետապնդում։

Հուսամ՝ պատասխանը շուտ կստանամ և կպարզենք՝ ինչու են լրագրողերի նկատմամբ սահմանափակումներ կիրառվում՝ խախտելով խորհրդարանի ձևավորման օրվանից գործող ավանդույթները»:

Տեսանյութեր

Լրահոս