Ի՞նչ եղավ ռուս սահմանապահների տեղակայվելու հարցը. Փաշինյանն ինչո՞ւ չի գնում կրակահերթի տակ հայտնվող գյուղեր․ մեկնաբանում է Մանե Գևորգյանը
Մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Այս ընթացքում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել հայ և ադրբեջանցի զնիվորականների միջև. հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի, սակայն, ինչպես գյուղացիներն են ասում՝ իրենց խնդիրների հետ մնացել են միայնակ։ Նիկոլ Փաշինյանը և իշխանության կարկառուն ներկայացուցիչները, որոնք հատկապես ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և դրանից առաջ շատ ակտիվ գնում էին մարզեր, այսօր կարծես միայն հայտարարությունների մակարդակով են շփվում գյուղացիների հետ։
Նշենք, որ գյուղացիները, բացի իրենց անվտանգության ապահովումից, այլ բան չեն ուզում գործող իշխանությունից, սպասում են, որպեսզի իշխանությունները որևէ քայլ անեն, որ ադրբեջանցիները ետ գնան, և սահմանի երկայնքով ռուս սահմանապահները տեղակայվեն։
168.am-ը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է ռուս սահմանապահների տեղակայվելու հարցը, քանի որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ հուլիսի 7-ին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայումն օրերի հարց է։
«Ինչո՞ւ, օրինակ, Պաշտպանության նախարարություն չեք զանգում կամ Գեղարքունիքի մարզպետին չեք զանգում և հարցն ուղղում իրենց»,- պատասխանեց Մանե Գևորգյանը։
Դիտարկմանը, որ այս հարցն ավելի բարձր մակարդակով է քննարկվում, և, որ Նիկոլ Փաշինյանն է գնում Մոսկվա հանդիպումներ ունենում, և ոչ թե՝ Գեղարքունիքի մարզպետը, Մանե Գևորգյանն ասաց․
«Եթե ռուս սահմանապահների տեղակայման հարցի մասին է խոսքը, պետք է խնդրեմ, որ գրավոր հարցում ուղարկեք, որ ես իմ ճշտումներն անեմ, նոր կարողանամ պատասխանել, որովհետև դա այնպիսի հարց չէ, որ կարողանամ ոտքի վրա ասեմ․․․ Սա բավականին զգայուն հարց է․․․»։
Իսկ հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի գնում այն գյուղեր, որտեղ վերջին շրջանում թշնամին պարբերաբար կրակում է, և գյուղացիներն անընդհատ դժգոհում են իշխանության նման անտարբեր վերաբերմունքից, Մանե Գևորգյանը նախ ճշտեց, թե ո՞ր գյուղի բնակիչներն են դժգոհում, լսելով՝ Կութ, Սոթք և այլ գյուղերի բնակիչները, պատասխանեց․
«Որքանով, որ ես եմ տեղյակ, թե մարզպետները, թե Պաշտպանության նախարարությունից պարբերաբար գնում են, հետաքրքրվում են, իրավիճակին մոտիկից ծանոթ են, տեղյակ են, բայց ես սա չեմ ասում հրապարակման համար»։
Մանե Գևորգյանին ասացինք, որ զանգի նպատակը հենց իր մեկնաբանությունը, իր խոսքը հրապարակելն է, ինչից հետո նա կրկին ասաց, որ գրավոր հարցում ուղարկենք․
«Ես բանավոր հարցումների չեմ պատասխանելու․․․»։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այդ մարզում ռուս սահմանապահների տեղակայմանը՝ ասելով.
«Մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ: Նրանց ներկայացուցիչները եկել են, տեղում նայել են տարածքները, հնարավոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել: Հիմա քննարկումներ են տեղի ունենում նրանց տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ: Այսօր իրավիճակը սա է»։
Իսկ ահա Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հուլիսի 7-ին՝ իր մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայումն օրերի հարց է, և, որ այդ գործընթացի շուրջ համատեղ պրոցես է գնում։
Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։
Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանցի և հայ զինվորականների միջև բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։ Մասնավորապես՝ մայիսի 25-ին Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենից մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (32 տարեկան)։
Այս դեպքից 2 օր անց՝ մայիսի 27-ին, Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել էին ՀՀ ԶՈՒ թվով 6 զինծառայողներ։
Հունիսի 5-ին էլ ադրբեջանցիները Կութի արոտավայրերից գողացել էին 80 խոշոր եղջերավոր անասուն։
Օրեր առաջ էլ՝ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային «թեթև վիրավորում» է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։
ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել էր 3 զինծառայողների անունները՝ նշելով, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։