Դոկտոր Ռընե Լեոնյանը նշանակվել է Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար
Դոկտոր Ռընե Լեոնյանը նշանակվել է Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ: Ռընե Լեոնյանը Ֆրանսիայի Հայ Ավետարանական Եկեղեցու հոգևոր հովիվ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա և վեց թոռնիկ: Ծնվել է Մարսելում:
Աստվածաբանական կրթություն ստացել է Փարիզի ավետարանական աստվածաբանության համալսարանում: Լիոնում իր առաջին հոգևոր ծառայությունն անցկացրել է ինը տարի: Դոկտորական թեզը շարունակել է գրել Լիոնի կաթոլիկ համալսարանում: Մի քանի տարի անց ներկայացրել է Հայ ավետարանական եկեղեցու ծագման վերաբերյալ իր թեզը:
Ավարտել է նաև Լիոնի համալսարանի սոցիալական հարցերի մագիստրատուրան և Փարիզ-Սորբոն արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը: Լիոնի համալսարանում եղել է նաև գիտության և կրթության գծով ասպիրանտ:
Իր ծառայության ողջ ընթացքում ապրել է բազմաթիվ երկրներում։
Հայաստանում տասնյոթ տարի եղել է Հայ Ավետարանական Համաշխարհային խորհրդի, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչը։
Եղել է նաև Հայաստանի Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ, Հայաստանի ավետարանական աստվածաբանության ակադեմիայի հիմնադիր նախագահ, նաև ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդական:
Որպես հոգևոր հովիվ ծառայել է նաև Ուրուգվայում, Հունաստանում, Կանադայում, նաև Ֆրանսիա, Լիոն, Փարիզ և Վալանս քաղաքներում:
Եղել է Ֆրանսիայի Աստվածաշնչային ընկերակցության գլխավոր քարտուղար, նաև՝ բանտերի հոգևոր հովիվ: Աշխատել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության գրասենյակի վարիչ։ Լիոնի քրիստոնեական Ռադիո-Ֆուրվիերի համահիմնադիր է:
Ներկայումս Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահն է: