Գյումրիում վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի…
Հուլիսի 18-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք և ձախ բազկի կտրած, արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին տղամարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ հուլիսի 18-ին, ժամը 16-ի սահմաններում, Գյումրիի Վարդ բաղ 1-ին թաղամասի 1-ի շենքերից մեկի մոտ հիվանդանոց տեղափոխված տղամարդը վիճել էր 21-ամյա երիտասարդի հետ։ Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ 21-ամյա երիտասարդը դանակահարել էր 31-ամյա տղամարդուն։
Հուլիսի 20-ին երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին և ձերբակալվեց:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։