Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է  Քաջարան համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մանվել Փարամազյանի պաշտպանների բողոքը՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Մանվել Փարամազյանը կմնա կալանավորված: 168.am-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ որոշումն անսպասելի չէր:

«Բնականաբար, մերժել է, ի՞նչ որոշում կարող էր կայացնել Արմեն Դանիելյանը: Սա, իհարկե, սպասելի էր: Որոշումը բողոքարկելու ենք, որովհետև ներպետական ատյանները սպառելու խնդիր կա»,- ասաց Սահակյանը:

Փաստաբանը նաև նշեց, որ իրենք բողոքի քննությանը ներկա չեն եղել:

«Անիմաստ ենք համարում ներկա գտնվել ձևական պրոցեսներին»,- ասաց Սահակյանը:

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մեկնարկել էր Քաջարանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ Փարամազյանի պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը, և Փարամազյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ պայմանավորված բողոքի քննության՝ հենց Արմեն Դանիելյանին մակագրելու եղանակով: Փաստաբանները նաև հայտնել էին, որ, եթե Դանիելյանն ինքնաբացարկի միջնորդությունը մերժի, իրենք դատական նիստերին չեն մասնակցելու:

Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով:

Տեսանյութեր

Լրահոս