
Էկվադորի դատարանը Ջուլիան Ասանժին զրկել է երկրի քաղաքացիությունից

Էկվադորի վարչական դատարանն անվավեր է ճանաչել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի քաղաքացիությունը։ Ասանժի պաշտպանական թիմը պաշտոնապես ծանուցվել է այդ մասին հուլիսի 26-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ասանժի փաստաբան Կառլոս Պովեդային։
Նրա խոսքով՝ Վարչական դատարանը համաձայնել է ԱԳՆ փաստարկների հետ՝ քաղաքացիությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
Որոշումը ենթակա է բողոքարկման։
Փաստաբանի հավաստմամբ՝ վարչության գործողություններում ակնհայտորեն հետապնդվում են քաղաքական շահեր, քանի որ մեղադրող կողմն այդպես էլ չի կարողացել հաստատել խախտումներից որևէ մեկը և ապացույց տրամադրել։
Հպատակագրման (նատուրալիզացիա) մասին նամակն Ասանժն Էկվադորի կառավարությունից ստացել է 2017 թվականի դեկտեմբերին՝ թաքնվելով Լոնդոնում այդ երկրի դեսպանատանը։