«Մարդիկ իրենց կյանքը վտանգելով շարունակում են աշխատանքները կատարել, իսկ գլխավերևում ադրբեջանցիներն են․ հույսով սպասում ենք»․ Կութի գյուղապետ
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս գիշեր գյուղում հանգիստ է անցել, կրակոցներ չեն եղել։
«Արդեն 2-3 օր է՝ մեզ մոտ կրակոցներ չկան, վերջին անգամ շաբաթ երեկոյան է եղել։ Մարդիկ խոտհարքներում շարունակում են խոտը քաղել, բերել, տեսնենք՝ ինչ կլինի»։
Անդրադառնալով ռուս սահմանապահների տեղակայմանը՝ տիկին Չիտչյանն ասաց, որ դեռ չգիտեն, թե ռուսները երբ են գալու, համենայնդեպս, մինչ այս պահը նրանք չեն տեղակայվել Կութի դիրքերում․
«Ոչ մի տեղեկություն։ Իրենց տեղակայումը մենք պատկերացնում ենք, որ պետք է ադրբեջանցիներին հետ քշեն ու իրենք կանգնեն վերևի հատվածում։ Հույս ունենք, որ այդպես կլինի, դրանց հետ կտանեն, մենք էլ մեր կյանքը կշարունակենք, մեր խոտհարքներով, արոտներով կզբաղվենք, գյուղացու ապրուստի միջոցն անասնապահությունն ու հողագործությունն է։ Հույսով սպասում ենք․․․ Ամեն օրը, ամեն րոպեն մարդիկ իրենց կյանքը վտանգելով՝ շարունակում են իրենց աշխատանքները կատարել, իսկ գլխավերևում ադրբեջանցիներն են»։
Կութի գյուղապետից նաև հետաքրքրվեցինք, թե հունիսի 5-ին ադրբեջանցիների կողմից գողացված թվով 80 անասունների համար, ի վերջո, փոխհատուցում տրվե՞ց․
«Ոչ մի բան, ասում են՝ ընթացքի մեջ է, կլինի․․․»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։
Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանցի և հայ զինվորականների միջև բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։ Մասնավորապես՝ մայիսի 25-ին Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենից մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (32 տ.)։
Այս դեպքից 2 օր անց՝ մայիսի 27-ին, Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել էր ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։
Հունիսի 5-ին էլ ադրբեջանցիները Կութի արոտավայրերից գողացել էին 80 խոշոր եղջերավոր անասուն։
Օրեր առաջ էլ՝ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով հրազենային «թեթև վիրավորում» է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։
ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել էր 3 զինծառայողների անունները՝ նշելով, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։