ՌԴ էներգետիկայի նախարարությունն առաջիկայում որոշում կկայացնի բենզինի արտահանման հնարավոր արգելքի մասին
Ռուսաստանի Դաշնության Էներգետիկայի նախարարությունը կարող է առաջիկա օրերին որոշում ընդունել բենզինի արտահանումն արգելելու մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինը:
«Ժամանակավոր արգելքի նորմատիվ փաստաթղթերը պատրաստ են, այժմ նայում ենք մանրամասները և ամենօրյա դինամիկան: Վերջին երկու օրվա ընթացքում բորսայում աճել են և՛ ծավալները, և՛ գները սկսել են նվազել: Այդ պատճառով բոլոր փաստաթղթերը պատրաստ են, ստանում ենք կարգավորող ազդեցության գնահատականը, և մենք պատրաստ ենք ժամանակավոր արգելք մտցնել այն ուղղումով, որ բոլոր միջազգային համաձայնագրերը պետք է կատարվեն»,- ասել է Սորոկինը։
Նրա խոսքով՝ որոշումը կկայացվի վառելիքի բորսայական գնի աճի կամ անկման դինամիկայի և ծավալներով շուկայի հագեցվածության հիման վրա: «Եթե բարելավում չլինի, ապա մենք մոտ օրերս այդ որոշումը կընդունենք»,- նշել է փոխնախարարը: