Ադրբեջանի կողմից հուլիսի 25-26-ի կրակոցները Վերին Շորժա, Սոթք, Երասխ գյուղերի հարևանությամբ խախտում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքը և մարդկանց խաղաղ կյանքը. ՄԻՊ

Ադրբեջանական 2021թ. հուլիսի 25-26-ի կրակոցները Վերին Շորժա, Սոթք, Երասխ գյուղերի հարևանությամբ խախտում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքը և մարդկանց խաղաղ կյանքը. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր վաղ առավոտյան՝ 2021 թվականի հուլիսի 26-ին քաղաքացիական բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի հարևանությամբ:

Պարզվել է, որ կրակոցներն արձակվել են Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում գտնվող Սոթքի լեռնանցքի հողմակների տարածքում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերից և ընդհատումներով շարունակվել են տևական ժամանակ:

Կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, հայկական զինված ուժերի դիրքերից բացի արձակվել են Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Կրակոցները պարզ լսելի են եղել նաև Սոթք գյուղում և Գեղամասար համայնքի այլ մասերում:

Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների, նրանց հրահրած լարված իրավիճակի պատճառով տարհանվել են Սոթքի հանքավայրի աշխատակիցները:
Այն փաստը, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը գիշերը կրակոցների պատճառով ստիպված է եղել դադարեցնել հանքավայրի աշխատանքը, վկայում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ընկերության օրինական ձեռնարկատիրական գործունեությունը խոչընդոտելու, աշխատակիցների իրավունքները կոպտորեն խախտելու, մարդկանց կյանքի համար իրական վտանգի մասին:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է արձանագրում, որ հողմակների այն տարածքը, որտեղից ադրբեջանական զինված ուժերը կրակել են, ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի որոշմամբ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա տրամադրվել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը և այդ ընկերության հետ կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:

Այսինքն՝ հողատարածքը իրավական հիմքով պատկանում է ՀՀ-ում գրանցում ունեցող ընկերության օրինական տիրապետությանը, այն տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ:
Այդ տարածք ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար ներխուժել են 2020թ. նոյեմբերի 25-ին ու դրանով ընկերությանը պատճառել են շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել 2021թ. փետրվարի 5-ին (https://www.ombuds.am/am/site/ViewNews/1515):

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր նաև այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 26-ին ՝վաղ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում կրակոցներ են արձակել նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրի հարևանությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել նաև այն մասին, որ որ ադրբեջանական զինված ուժերը, Գեղարքունիքից բացի, հուլիսի 26-ին` ժամը 11:30-ի սահմաններում կրակոցներ են արձակել նաև ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի հարևանությամբ: Լսելի են եղել նաև գյուղում: Կրակոցները վերսկսել են նաև ժամը 15:30-ից և մինչ այս պահը շարունակվում են:

ՀՀ Գեղարքունիքի և Արարատի մարզերի նշված համայնքների անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցների փաստերն ակնհայտ ապացուցում են, որ ՀՀ սահմանային, մասնավորապես` Գեղարքունիքի, Սյունիքի և վերջին օրերին նաև Արարատի (օրինակ` Երասխ գյուղ) մարզերի բոլոր այն հատվածներում, որտեղ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ներկա են ադրբեջանական զինված ծառայողներ, նրանց պահվածքը նույնն է` կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղի ու բերքահավաքի խոչընդոտներ, սպառնալիքներ և այլն:
Նկարագրված կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ինքնին ներկայությունը ՀՀ քացաքացիական բնակավայրերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:

Նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության, ազատ տեղաշարժի, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները: Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու բնականոն կյանքը:

Գեղարքունիքի և Արարատի մարզերում հուլիսի 26-ի ադրբեջանական կրակոցների փաստերը պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Տեսանյութեր

Լրահոս