«Որ կրակոցների ձայն եմ լսում՝ երեխեքին տանում եմ սենյակ, խաղացնում եմ, որ սթրես չտանեն»․ Կութի բնակիչ

«Շաբաթ իրիկունն ա մի թեթև կրակոց եղել, ու էլ չեն կրակել, նաղդի երեկ ու էսօր հանգիստ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակը գյուղում հանգիստ է, ամեն մեկն իր գործով է զբաղված, բայց նաև ամեն վայրկյան սպասում են, որ թշնամին նորից կարող է կրակել․

«Հիմա բոլորս մեր գործերին ենք, մարդիկ իրենց անասունների հետ են՝ դաշտերում, ես էլ՝ իմ երեխեքի, տան հետ․․․ Ամբողջ օրը տանն ենք, որ կրակոցների ձայն եմ լսում, երեխեքին տանում եմ սենյակ, խաղացնում, զբաղեցնում եմ, որ այդ ձայները չլսեն՝ սթրես տանեն»։

Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը ևս 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցներ չկան գյուղում, և խնդրի վերջնական կարգավորման համար սպասում են ռուս սահմանապահների տեղակայմանը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանցի և հայ զինվորականների միջև բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։ Մասնավորապես՝ մայիսի 25-ին Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենից մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (32 տ.)։

Այս դեպքից 2 օր անց՝ մայիսի 27-ին, Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել էր ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

Հունիսի 5-ին էլ ադրբեջանցիները Կութի արոտավայրերից գողացել էին 80 խոշոր եղջերավոր անասուն։

Օրեր առաջ էլ՝ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով հրազենային «թեթև վիրավորում» է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։

ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել էր 3 զինծառայողների անունները՝ նշելով, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Տեսանյութեր

Լրահոս