Բաժիններ՝

ԱՄՆ-ում յոթ օրում 430 մարդ է զոհվել հրաձգության հետ կապված միջադեպերում. ABC

Հրաձգության հետ կապված միջադեպերն առնվազն 430 մարդու կյանք են խլել ԱՄՆ-ում հուլիսի 17-ից մինչեւ հուլիսի 23-ն ընկած ժամանակամիջոցում: Այս գնահատումները հուլիսի 25-ին ներկայացրել է Միացյալ Նահանգների ABC հեռուստաընկերությունն այն տվյալների հիման վրա, որոնք հավաքել է Gun Violence Archive հետազոտական կազմակերպությունը։

Բերված տեղեկատվության համաձայն՝ երկրում հիշյալ յոթ օրվա ընթացքում տեղի են ունեցել նման կարգի առնվազն 915 միջադեպեր: Զոհվել է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ 1 007 մարդ: Հեռուստաալիքն արձանագրում է, որ այն դեպքերի թիվը, որոնց մասին խոսք է գնում, վերջին ամիսներին արագորեն աճում է: Կազմակերպության հաշվարկներով՝ 2020 թվականին ԱՄՆ-ում հրաձգության հետ կապված զանազան միջադեպերում զոհվել է շուրջ 43 հազար մարդ: Դա առավելագույն ցուցանիշն է Gun Violence Archive-ի մասնագետների կողմից տվյալ դիտարկումների անցկացման ժամանակամիջոցում: Ընթացիկ տարում հրազենի կիրառման հետեւանքով երկրում կյանքից զրկվել է 24 հազար մարդ, այդ թիվը շարունակում է աճել:

ABC-ի գնահատումների համաձայն՝ այս տարի ամփոփիչ ցուցանիշը կարող է ավելի մեծ լինել, քան անցյալ տարի: Gun Violence Archive կազմակարպությունը հիմնվել է 2013 թվականին: Կազմակերպությունն ամեն օր հրապարակում է վիճակագրական տվյալներ այն տեղեկատվության հիման վրա, որն ստանում է մոտավորապես 6,5 հազար աղբյուրներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս