Արգելվում է ոչ սթափ վիճակում մեքենա վարել. ոստիկանության թեմատիկ անդրադարձը
2169 ճանապարհատրանսպորտային պատահար, 168 զոհ, 3186 վիրավոր. սա անցած 6 ամսվա վիճակագրությունն է: Պատահարների մի մասի դեպքում վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
Շատերը կշարունակեին ապրել, եթե վարորդներն ալկոհոլ օգտագործելուց հետո ավելորդ ինքնավստահություն չդրսևորեին ու ղեկին չնստեին: Իսկ յուրաքանչյուր փրկված կյանք ձեռքբերում կլիներ:
Ոչ սթափ վարորդներ հայտնաբերելու միջոցառումները պարբերաբար կազմակերպվում են մայրաքաղաքում՝ պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների, մարզերում՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից։ Ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարող անձանց նկատմամբ կիրառվում են տարբեր պատժամիջոցներ։
Օրինակ, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելն առաջացնում է տուգանքի նշանակում 150 հազար դրամի չափով։ Իսկ եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0,5 միլիգրամը, ապա նա 1 տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։
Եթե վարորդը խուսափում է սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց, ապա նա 2 տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Եթե վարելու իրավունքից զրկված անձը մեքենա վարի դարձյալ ոչ սթափ վիճակում կամ հրաժարվի սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց, ապա արդեն ենթարկվում է քրեական պատասխանատվության։
Վարչաիրավական ու քրեաիրավական հարկադրանքի միջոցները չարիքի դեմ պայքարելու գործիք են, բայց լավագույնը չեն:
Փորձը ցույց է տալիս, որ վարորդների մի մասը տուգանվելուց հետո էլ շարունակում է ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարել: Պայքարի լավագույն միջոցը մշտական ինքնահսկումն է, ավելորդ ինքնավստահություն չդրսևորելը, գիտակցելը, որ ոչ սթափ վարորդը պոտենցիալ հանցագործ է:
Հարգելի՛ վարորդներ, զգո՛ն եղեք, ալկոհոլ օգտագործելուց հետո մի՛ նստեք ղեկին, խստագույնս պահպանեք երթևեկության անվտանգության այս կարևորագույն պահանջները. դա բխում է բոլորիս շահերից: