Բաժիններ՝

«Անհնար է, որ մեկ նախարարը տիրապետի այդ բոլոր ոլորտներին, տեսնում ենք, որ չի էլ տիրապետում, ինչի արդյունքում ականատես ենք դառնում շատ կործանարար որոշումների». Թատերագետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ԿԳՄՍՆ-ն, պատրաստվում է Կամերային երաժշտական թատրոնը միավորել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի հետ։

Օրերս ԿԳՄՍՆ մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանն այս մասին տեղեկացրել էր Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմին, ինչը վրդովմունքի ու բողոքի հերթական առիթ է դարձել։

Իր հարցազրույցներից մեկում Արա Խզմալյանն ասել էր, որ թատրոնները կմիավորեն, իսկ Կամերային երաժշտական թատրոնի շենքը նպատակահարմար են գտել հանձնել Պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրինությանը։

Չնայած երկու թատրոնների ներկայացուցիչներն էլ դեմ են արտահայտվել այս որոշման դեմ, քննադատել են նախարարության որոշումը, սակայն ԿԳՄՍՆ-ն հետ չի կանգնում իր որոշումից։

168.amի հետ զրույցում թատերագետ Անուշ Ասլիբեկյանն անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի այս որոշմանը և դրա հետևանքներին, նշեց, որ այդքան էլ անմեղ բան չէ նախարարության այն բացատրությունը, թե թատրոնը ոչ թե փակում են, այլ միացնում են։

«Այդ կառույցի որևէ բացատրության որևէ մեկը չի հավատում՝ ո՛չ հանրային լայն շրջանակներում, ո՛չ մասնագիտական շրջանակներում, քանի որ օրինակները բազմաթիվ են, որ ոչ թե խթանող ու օժանդակող քաղաքականություն է վարում նախարարությունը, այլ ճիշտ հակառակը՝ հայտնվում է այն պահերին, երբ մտածում է, թե ստեղծագործող օրգանիզմը թուլացած է և կազմ ու պատրաստ է այդ օրգանիզմը փակելու։

Անտրամաբանական եմ համարում այդ երկու կառույցների միացումը, քանի որ նախ՝ դրանք երկու տարբեր ու առանձին գործող կենդանի օրգանիզմներ են, որտեղի՞ց այս երկուսը միացնելու այդ պահանջը, երկու թատրոնների անձնակազմերի միավորման արդյունքում կստացվի դերասանների չափազանց մեծ թիվ, որն անհավանական է թվում։ Այսօր երբ ինչ-որ թատրոնում ռեժիսորները սերնդափոխության խնդրի առջև են կանգնած և ուզում են երիտասարդ դերասանների տանել թատրոն, խնդիրներ են ունենում, քանի որ պետությունը նշում է, որ նոր հաստիքներ իջեցնել չի կարող։ Այսպիսով՝ թատրոնները տարիներով մնում են նույն դերասաններով, չեն կարողանում  սերնդափոխություն իրականացնել, երիտասարդ դերասաններ չկան, նրանք ավարտում են ինստիտուտը և մնում են անգործ»,- նշեց Անուշ Ասլիբեկյանը։

Ըստ նրա, եթե պետությունը չի կարողանում, օրինակ, թատրոնի 30 հոգանոց անձնակազմին ավելացնել մեկ հոգի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ այս պարագայում պատրաստ է 40 կամ 30 դերասան ավելացնել արդեն թատրոնի եղած 30 հոգանոց անձնակազմին։

«Զավեշտալի է այս երկու թատրոնների միացումը, որոնք ունեն երկու տարբեր պրոֆիլներ, եթե երկու թատրոնների անվան մեջ կա երաժշտական բառը, ապա դա նշանակում է, որ պետք է միացնե՞ն։ Դե ուրեմն եկեք միացնենք ռուսական դրամատիկական թատրոնը և Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, խամաճիկների ու տիկնիկային թատրոնները․․․ Այս ամենը աբսուրդ է, քանի որ այս բոլոր թատրոնները բոլորովին այլ ուղղվածության թատրոններ են։

Պարոնյանի անվան թատրոնը դասական կոմեդիաների երաժշտական մեկնաբանությունների, օպերետների  թատրոն է, իսկ Կամերային երաժշտական թատրոնն ավելի բազմապրոֆիլ է,  որքանով հետևել եմ իրենց ներկայացումներին՝ էստրադային և մյուզիքլային ոճի, բեմադրութուններ են, ավելի հարուստ է  մանկական խաղացանկը։ Բացարձակապես չեմ պատկերացնում, թե երկու թատրոնների անձնակազմերն ինչպես են իրար հետ համագործակցելու»,- հավելեց նա։

Թատերագետի դիտարկմամբ՝ այն բացատրությունը, թե մտածում են Կամերային երաժշտական թատրոնի շենքը փոխանցել Սիմֆոնիկ նվագախմբին, այնքան անհեթեթ է, որ չի էլ ուզում մտածել, որ դա պետական կառույցի կողմից տրված բացատրություն է։

Ըստ նրա՝ ստացվում է սպանել մի թատերական ստեղծագործող օրգանիզմ, որպեսզի փորձասենյակ տրամադրեն մեկ այլ գործող մշակութային օրգանիզմի, ինչը, նրա գնահատմամբ՝ հանցագործություն է։

«Որպես թատերագետ, որևէ պարագայում, հատկապես այսօր անընդունելի եմ համարում որևէ մշակութային օջախի փակելու գաղափարը։ Մեր թատրոնների խաղացանկերը բարձիթողի վիճակում են, չենք հետևում պետական մակարդակով, այնինչ, եթե հետևեին, ու ծրագրային մոտեցում լիներ թատրոնին, ապա կունենայինք հզոր զենք, որի միջոցով մենք կկարողանայինք մեր հանրության մեջ բարձր գաղափարներ սերմանել։

Այո, հրաշալի է, որ պետությունը թատրոններ է ֆինանսավորում, որպեսզի գոյություն ունենան, բայց պետք է աշխատի այդ թատրոնների խաղացանկերի ու վարած քաղաքականության նկատմամբ առհասարակ։ Դրա համար այսօր եկել ենք մի հանգրվանի, երբ փաստորեն միտումնավոր աչքաթող են արվել թատրոնի ընթացիկ խնդիրները, չեն հետևել, չեն օգնել ու խթանել,  որպեսզի հարմար պահի ազատվեն։

Դժվար է հավատալ լավագույն պայմանների նախարարության խոստմանը։ Սա պարզապես խայծ է։ Անհնար է պատկերացնել այս երկու թատրոնների միացումը, բնականաբար, շատ կրճատումներ կլինեն, մենք պարզապես կկորցնենք մի գործող թատրոն»,- ընդգծեց նա։

Նա նաև շեշտեց՝ հետևելով ԿԳՄՍ նախարարության գործունեությանը, տեսնում է, որ այն տանուլ է տալիս բոլոր ոլորտները՝ կրթությունից սկսած, գիտությունով ու մշակույթով վերջացրած, քանի որ նախարարությունում «մեկ–երկու կոմպետենտ մարդ կա», որոնք փոքրամասնություն են և չի կարող նրանց ձայնը որոշիչ լինել։

«Անհնար է, որ մեկ նախարարը տիրապետի այդ բոլոր ոլորտներին, մենք տեսնում ենք, որ չի էլ տիրապետում, ինչի արդյունքում պարբերաբար ականատես ենք դառնում շատ կործանարար որոշումների, նման բան անելն անգրագիտության, անկարողության դրսևորում կլինի։ Նախարարությունում պարտավոր են որևէ թատրոնի մասին որոշումներ կայացնելիս հաշվի առնել թատերագետների, թատերական մասնագիտական շրջանակների կարծիքը։ Ցավոք՝ այստեղ անգամ գեղարվեստական խնդիրների մասին խոսք էլ չի գնում։ Որպես թատերագետ՝ գտնում եմ, որ այսօր որևէ թատրոն փակելն անընդունելի է։ Դա կլինի սարսափելի նախադեպ, երբ մշակութային օջախներ ստեղծելու փոխարեն՝ դրանք ոչնչացնում ենք։ Եթե այսօր մենք դա թույլ տվեցինք, ապա առաջիկայում նման նախարարությունից սպասենք մի շարք մշակութասպան իրողությունների, ինչը նաև ազգի ու պետականության ոչնչացման ճանապարհ է»,- եզրափակեց Անուշ Ասլիբեկյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս