Վաճառքի է հանվել Թոմ Հենքսի տուն-մեքենան
«Ֆորեսթ Գամփ» ֆիլմի աստղ, դերասան Թոմ Հենքսը որոշել է վաճառել 1992 թվականի արտադրության Airstream 34 Excella տուն-մեքենան, որը Հենքսին է պատկանել վերջին 24 տարում։ Նա այդ տուն-մեքենայով հասցրել է ճամփորդել գրեթե ամբողջ Միացյալ Նահանգներով։
Տուն-մեքենայի սրահը նախագծել է անձամբ դերասանը։ Այն պատրաստված է բնական փայտից, տեղադրվել է փոքրիկ խոհանոց, կա ննջարան ու լոգարան: Տնակում կա նաև էլեկտրական բուխարի, կահույք: Տուն մեքենան վաճառվելու է կահույքի հետ միասին:
motor.ru–ն տեղեկացնում է, որ դերասանի տուն-մեքենան վաճառքի կհանվի օգոստոսի 13-ին՝ Կալիֆորնիայում անցկացվելիք Quail Lodge-ի աճուրդում:
Նշվում է, որ ակնկալվում է այն վաճառել 150-ից 250 հազար դոլարով, իսկ գնորդին՝ որպես բոնուս, կտրվեն դերասանի ինքնագրով հուշանվերներ, օրինակ՝ «Ապոլլոն 13» ֆիլմից բաժակ և այլ իրեր:
Ի դեպ, տուն-մեքենան օգտագործվել է ոչ միայն ճանապարհորդությունների համար. դերասանը բնակվել է դրանում առնվազն 18 ֆիլմի՝ «Ապոլլոն 13», «Ֆորեսթ Գամփ», «Բռնիր ինձ, թե կարող ես» և այլ ֆիլմերի նկարահանումների ժամանակ: