Բաժիններ՝

Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և բարերար «Այէթնոս» ՍՊ ընկերության միջև հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել, որի շրջանակներում նախատեսվում է պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում իրականացնել հնագիտական ուսումնասիրություններ:

Ըստ հուշագրի՝ կողմերը, կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, շահագրգռված լինելով օժանդակելու պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ, օգտագործմամբ և ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, անհրաժեշտ են համարել միավորել հնարավորությունները և համատեղ իրականացնել Արարատի մարզի Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններիհնագիտական ուսումնասիրության աշխատանքները։ Որպես ստորագրող կողմ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, որը կարող է գեղեցիկ նախադեպ լինել համատեղ այլ աշխատանքներ իրականացնելու համատեքստում:

Փոխնախարարը հատկապես կարևորել է հուշարձանի՝ Արարատի մարզի Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի պահպանությանն ուղղված քայլերը. «Միայն պետական ռեսուրսներով հնարավոր չէ լիարժեք պեղումներ իրականացնել։ Ավելի բարդ է պեղումներից հետո ապահովել բացահայտված հուշարձանների շերտերի պահպանման, կոնսերվացման, միջազգայնացման կարևորագույն աշխատանքը։ Եվ այս առումով չափազանց կարևոր է մասնավոր ներդրման անհրաժեշտությունը»։

Հուշագրով պայմանավորված՝ նախատեսվում են իրականացնել պեղումներ, դրանց արդյունքում բացված կառույցների ամրակայում և վերականգնում, կազմակերպել գտածոների մաքրում, ամրակայում, վերականգնում, լաբորատոր հետազոտություններ և վավերագրում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս