
Փորձագետը պատմել է, թե ինչպես ճիշտ քնել օրվա ընթացքում

Փիլիսոփայության դոկտոր և քնի փորձագետ Ռեբեկա Ռոբինսը Pure Wow կայքին պատմել է ցերեկային քնի օգտակարության մասին, ինչպես նաև խորհուրդներ է տվել, թե ինչպես կարելի է դրանից առավելագույն օգուտ քաղել:
Ռոբինսը նշել է, որ ուսումնասիրությունների համաձայն՝ մարդիկ ֆիզիկական հակվածություն ունեն ցերեկային քնի նկատմամբ: Կեսօրից հետո մարդիկ հաճախ են քնկոտ դառնում:
Ցերեկային քունը շատ առավելություններ ունի: Այն աշխուժացնում է, բարձրացնում արտադրողականությունը, ակտիվացնում կարճաժամկետ հիշողությունը, բայց այն չպետք է փոխարինի լիարժեք գիշերային քունը:
Ցերեկային քնի համար իդեալական ժամանակահատվածը ժամը 14-16-ն է, երբ մարմնի ջերմաստիճանն իջնում է: Իսկ օպտիմալ տևողությունը 10-20 րոպե է:
«Եթե դուք քնեք տասը րոպեից պակաս, երաշխիք չկա, որ դա խթանող ազդեցություն կունենա: Եվ եթե 30 րոպե կամ ավելի եք քնում, կարող եք հասնել խոր քնի փուլի, իսկ այդ դեպքում դժվար կլինի արթնանալը»,- ասել է փորձագետը:
Ռոբինսն առաջարկում է ցերեկային քունը դարձնել սովորություն: Առավելագույն օգուտ այն կունենա, եթե միշտ նույն ժամին և նույն վայրում քնեք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը