
60-ամյա տղամարդը վերցվել է օպերատիվ հսկողության տակ
Սպիտակի ոստիկանները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Սպիտակ քաղաքի բնակիչ մի տղամարդ թմրանյութ է իրացնում:
Հանցագործությունը փաստով բացահայտելու համար քրեական հետախույզները ձեռնարկեցին համապատասխան միջոցառումներ, իսկ 60-ամյա տղամարդը վերցվեց օպերատիվ հսկողության տակ:
Օպերատիվ տվյալները հաստատվեցին, իսկ հուլիսի 16-ին հանգուցալուծումն էր: Թմրամիջոցներ ապօրինի իրացնելու պահին Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում բռնվեցին ու բաժին բերման ենթարկվեցին 60-ամյա իրացնողն ու գնորդը` 67-ամյա վանաձորցի մի տղամարդ:
Անձնական խուզարկությամբ վանաձորցու գրպանում հայտնաբերվեց կանեփանման զանգված: Նույն զանգվածից հայտնաբերվեց նաև սպիտակցու խուզարկությամբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: