
«Ի բարեբախտություն՝ մեզ հաջողվեց ողջ մնալ և փաշինյան նիկոլի բանդայից ազատվել». Ավետիս Բաբաջանյան

Լրագրող Ավետիս Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ ինձ կանգնեցրին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք մի քանի հարյուրով ուղղակի տեռորի են ենթարկում Արմավիրի բնակիչներին և Արմավիր մտնող յուրաքանչյուր քաղաքացու, ստեղծելով անիմաստ տրանսպորտային խցանումներ և նյարդային իրավիճակ: Ճանապարհային ոստիկանները ստուգեցին փաստաթղթերը՝ վարորդական իրավունք և մեքենայի տեխանձնագիր, բեռնախցիկն ու սրահը, հետո ուզեցին ԱՊՊԱ պայմանագիր: Ասեցի, որ պայմանագրի ժամկետը լրացել է, և քանի որ երկրում տնտեսական ճգնաժամ է և ունեմ ֆինանսական դժվարություններ նոր պայմանագիր չեմ կնքել: Ոստիկանության բարձրաստիճան սպան, որ նստած էր 004 կոդով համարանիշի ամենագնացում հրահանգեց, որ վարչական իրավախախտման մասին ակտ կազմեն, որի գումարը կազմում է 100 հազար դրամ: Ես հարցրի, որ եթե գումար չունեմ ԱՊՊԱ պայմանագրի գումարը մուծելու, ինչպես պետք է մուծեմ վարչական իրավախախտման գումարը, որը կրկնակիից ավել է, քան ապահովագրության գումարը, ոստիկանության ակտ կազմող սպան պատասխանեց, որ դա էլ իմ խնդիրն է: Ես ասացի, որ բացի այդ խնդիրները, ես մի հարց ունեմ իրենց.
Հայտնի է, որ ադրբեջանական բանակը մտել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչու իրենք վարչական իրավախախտման ակտ չեն կազմում այդ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:
Այդ ժամանակ մեր միջև վեճ սկսվեց, և մեզ մոտեցած ոստիկանության փոխգնդապետը հայտարարեց, որ դրա համար կա Պաշտպանության նախարարություն, թող իրենք էլ զբաղվեն ադրբեջանցիներով, իսկ Ճանապարհային ոստիկանությունը զբաղվում է, միայն Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ:
Ես իրենց փորձեցի բացատրել, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը իր գործառույթները պետք է իրականացնի ՀՀ ինքնիշխան ամբողջ տարածքում, և հնարավոր է, որ մեր երկիր ներխուժած Ադրբեջանի քաղաքացիները մեր երկրի տարածքում երթևեկում են բարձր արագությամբ, կամ իմ նման առանց ԱՊՊԱ պայմանագրի: Ինչու պետք է մեր երկրի տարածքում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին գտվի արտոնյալ պայմաններում, քան ես: Երբ մեր վիճաբանությունը հասավ իր գագաթնակետին, և ես հայտարարեցի, որ չեմ ճանաչում այս իշխանության օրինականությունը, քանի որ այն չի կատարում իր սահմանադրական պարտականությունները և մեր երկրի տարածքային ամբողջականությունը ապահովելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն, իր երկրի քաղաքացիներին դիտարկում է, որպես տուգանքի մատերիալ, ոստիկանության բորբոքված աշխատակիցը հայտարարեց, որ հենց հիմա կչոքացնի ինձ և կրտսեր որդուս, որը իջել էր մեքենայից, և միացել մեր վեճին: Պատկերացնում եք չէ՞` ինչ նողկալի տեսարան է, երբ 45-50 տարեկան տղամարդը, փոխգնդապետի ուսադիրներով սպառնում է 23 տարեկան երիտասարդ տղային, որ հենց հիմա կչոքացնի նրան: Ի դեպ, տղաս որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ, և մեկ ամիս եղել առաջնագծում, ինչը մենք երբեք չենք հրապարակայնացրել, որովհետև ի տարբերություն ոստիկանության աշխատակիցների, համարում ենք, որ հայրենիքի պաշտպանությունը ոչ թե Պաշտպանության նախարարության, այլ յուրաքանչյուր քաղաքացու գործն է:
Տղայիս մեղքն այն էր, որ նա ոստիկաններին ասում էր, որ իրենք ծառայում են Արցախը թուրքին հանձնած դավաճան իշխանությանը: Կարծում եմ, որ սա աքսիոմա է, որովհետև հենց Փաշինյանը, և ոչ այլ ոք է ստորագել կապիտուլյացիոն հայտարարությունը, հանձնելով Արցախի Հանրապետության տարածքները, այդ թվում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող:
Այդ ժամանակ ոստիկանները կանչեցին զինվորական համազգեստով, սև դիմակներով խիստ ագրեսիվ տրամադրված խմբի, որի անդամները սկսեցին բառիս բուն իմաստով սպառնալ, որ հենց հիմա հաշվեհարդար կտեսնեն մեր նկատմամբ և կոչնչացնեն մեզ:
Ի բարեբախտություն՝ մեզ հաջողվեց կենդանի մնալ և ընտրությունները նույն ոստիկանության միջոցով կեղծած փաշինյան նիկոլի բանդայից մի կերպ ազատվել:
Հիմա ինձ հետաքրքրում է երեք հարց, որոնք մեծ հաշվով հռետորական են և պատասխան չեն ակնկալում: Հարց առաջին` ինչու՞ է նիկոլ փաշինյանը ոստիկանական շուրջկալներ կազմակերպում, և մարդկանց չոքացնելու հրահանգներ տալիս:
Տեսակետ կա, որ դրսում թուրքի, ռուսի և ընդհանրապես բոլորի դեմ չոքողը, ուզում է վրեժխնդիր լինի սեփական հասարակությունից:
Հարց երկրորդ` ինչու իմ երկրում ես պետք է ավելի պակաս իրավունքներ ունենամ, քան իմ երկիրը գրաված ադրբեջանցին, ինչու ես պետք է տուգանվեմ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար, իսկ ադրբեջանցին անարգել երթևեկի իմ երկրի տարածքում:
Հարց երրորդ. եթե երկրում այդքան դուխով հատուկ ջակատայիններ կան, որ կարող են մի քանի տասնյակով չոքացնել երկու անզեն մարդու, ինչու նրանց չեն ուղարկում մեր երկրի սահմանները պաշտպանելու և թուրքերին չոքացնելու:
Գուցե իսկապես միայն Սև լճի և Կութիի տարածքները չէ, որ գրավված են թուրքերի կողմից, և օկուպացիան ավելի համապարփակ է»: