«Սցենարը չի փոխվել՝ պատերազմ-զոհ-հողերը տվեցի, որ փրկեմ»․ Արմեն Գրիգորյան
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն օրինաչափություն է համարում Նիկոլ Փաշինյանի կողմից մի բան հայտարարելն ու դրան հակառակ քայլ անելը։ Նա վստահեցնում է՝ նմանատիպ օրինաչափության շարքին է դասվում նաև Կառավարությունում Փաշինյանի կողմից երեկ հղված շնորհավորանքը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին։
Ըստ Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը «գավառական ձևականություն» է, որովհետև նա շարունակելու է գործել իր ձեռքի չագուչով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանն իր իրական դեմքը ցույց է տվել քարոզարշավի ընթացքում։
«Միևնույն ժամանակ, Փաշինյանը ոչինչ էլ չի կարող անել, նա արդեն քանդել է ամբողջ պետական համակարգը, վերջին օղակն էլ բանակն է, որը կազմալուծել է։ Նա իր իշխանությունը պահում է միայն պետության փողը վճարելով ոստիկանությանը, որոնք նմանվել են վարձկանների խմբի։ Թերևս, ճիշտ կլիներ, որ ոստիկանների համազգեստի վրա գրված լիներ՝ «Փաշինյանի պաշտպաններ»»,- ասաց Գրիգորյանը։
Հարցին՝ այդ դեպքում ինչպիսի՞ հակազդեցության է արժանանում իշխանության ղեկավարի նման գործելաոճը առավելապես ազգի էլիտայի, մտավորականության կողմից, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ մենք ազգի էլիտա չունենք, ունենք մտածող մարդիկ, որոնք, ցավոք, քիչ են։
«Էֆեկտիվ մտածող մարդիկ, այո՛, կան, ցավոք սրտի, քիչ են, ու դրա համար ենք մենք այս վիճակում։ Նրանք հարցադրումներ են ուղղում իշխանությանը, բայց բանական հարցադրումներ անողները քիչ են, ինչը բացասական դեմոգրաֆիայի հետևանք է. 90-ական թվականներին սկիզբ առած արտագաղթի, երբ արտագաղթում էին մարդիկ, որոնք համաշխարհային շուկաներին բան ունեին առաջարկելու։ Մեր ազգը կորիզ ունի, սակայն պետք է կրիտիկական թվի հասնի, օրինակ, գոնե 10 հազարի, որպեսզի այդ կորիզի սրտի հրդեհը հասնի լայն ազգաբնակչությանը։ Դրա համար ժամանակ է պետք»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով, որ այդ մարդիկ մեր պետականության այս փշրանքների վրա էլ պետք է փորձեն կառուցել արդեն չորրոդ հանրապետությունը։
Ըստ Գրիգորյանի՝ հիմա անհրաժեշտ են նոր գաղափարներ, նոր ծրագրեր, ինչին հավանաբար ականատես կլինենք արդեն սեպտեմբերից, երբ մի կողմից՝ Ազգային ժողովի աշխատանքներին ականատես կլինենք, մյուս կողմից՝ «փոքրիկ պատերազմների»։
«Սցենարը չի փոխվել, այն նույնն է՝ պատերազմ-զոհ-հող-ես տվեցի հողերը, որ փրկեմ։ Սա է սցենարը»,- ասաց Գրիգորյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում