Բաժիններ՝

Տոկիոյում պաշտոնապես մեկնարկեցին Օլիմպիական խաղերը

Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում պաշտոնապես մեկնարկեցին 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Բացման արարողությունը մեկնարկեց անդրադարձով, թե ինչպես 2013 ՄՕԿ-ն ընտրեց հենց Տոկիոն, որպես 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալող քաղաք: Հաջորդիվ մարզադաշտ եկան Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի կայսր Նարուհիտոն, ապա ստադիոն բերվեցին Ճապոնիայի դրոշը:

Արարողության ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգեցին կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում մահացածների, ինչպես նաև Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության ընթացքում զոհվածների հիշատակը:

Հանդիսավոր արարողությունը լի էր հատուկ էֆեկտներով, մի քանի փոքրիկ ներկայացումներով` որոնց միջոցով պատմեցին 1964 թվականի խաղերից սկսած մինչև մեր օրեր Օլիմպիական խաղերի պատմությունը: Ապա` սկսվեց պատվիրակությունների երթը, որին մասնակցեց 207 երկրի ներկայացուցիչ:

Հայաստանի հավաքականի կազմում դրոշակակիրներն էին բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը: Շքերթին մասնակցեցին բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը, լողորդ Արթուր Բարսեղյանը, ծանրորդ Իզաբելա Յայլյանն, ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը և այլ մարզիչներ: Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Պաշտոնական արարողությունը, որը տևեց 2 ժամ 1 րոպե: Մարզիկների պաշտոնական երդումը տվեցին 6 մարզիկ: Իսկ բացման արարողությունը եզրափակվեց կրակի վառման արարողությամբ: Այն վառեց թենիսիստ Նաումի Օսական:

Հուլիսի 24-ին որակավորման փուլի արգելքը կփորձի հաղթահարել Հայաստանի միակ մարմնամարզիկը` Արթուր Դավթյանը: Մարմնամարզիկները պայքարը կսկսեն լուսաբացին՝ Երևանի ժամանակով 05:00-ին:

Հուլիսի 25-ին Օլիմպիական խաղերում սկսվում է բռնցքամարտի մրցաշարը: Երևանի ժամանակով 07:15-ից սկսած իր ուժերը կչափի 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Նույն օրը որակավորման փուլից կսկսի հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` ատրճանակ, 10 մետր:

Հուլիսի 26-ին Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից երկուսը` 52 կգ Կորյուն Սողոմոնյանը և 75 կգ քաշային Արման Դարչինյանը կփորձեն դուրս գալ հաջորդ փուլ: Բռնցքամարտիկների մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 06:00-ին:

Նույն օրը պայքարի մեջ կմտնի նաև 73 կգ քաշային ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը: Նրա մրցման մեկնարկը լուսադեմին 06:00-ից է:

Հուլիսի 27-ին ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի B ենթախմբում իր ուժերը կչափի Իզաբելլա Յայլյանը:

Նույն օրը տղամարդկանց 100 մետր ազատ ոճում կմեկնարկի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը: Այս մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ից:

Հուլիսի 28-ը լողորդ Վարսենիկ Մանուչարյանի մրցման օրն է: Նա ուժերը կչափի 50 մետր ազատ ոճում: Մրցումը կմեկնարկի 14:00-ին:

Հուլիսի 30-ին երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մետր, ազատ ոճ): Պայքարը կսկսվի 14:00-ից:

Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները: 60 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից պայքարի մեջ մտնում է Արմեն Մելիքյանը: Գոտեմարտերը մեկնարկում են 06:00-ից:

Օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է: Եզրափակիչ դուրս գալու դեպքում գոտեմարտերը կկայանան օգոստոսի 3-ին:

Օգոստոսի 3-ին ատլետ Լևոն Աղասյանը կմեկնարկի եռացատկում, իսկ ըմբիշ Կարեն Ասլանյանը 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կսկսի պայքարը:

Նույն օրը Երևանի ժամանակով 14:50-ից սկսած Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):

Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին:

Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս