Ի՞նչ է իրականում առաջարկում Ֆրանսիան

Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, խոսելով ՀՀ-ի և Ֆրանսիայի համագործակցության մասին  հատկապես պաշտպանության ոլորտում:

Ըստ նրա՝ Ֆրանսիան, բնականաբար, պատրաստ կլինի քննել հայկական իշխանությունների կողմից իրենց ուղղված բոլոր հայտերը։

«Իհարկե, պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։ Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում»,- նշել է դեսպան Լաքոթը:

Ուշագրավ է, որ դեսպանը չի հստակեցրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ կատարելիք այցի ժամկետները: Դեսպանի դիտարկումների համաձայն, այն տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի, իսկ օգտակար պահը այն է, երբ այն թույլ կտա տարածաշրջանում առաջ մղել քաղաքական գործընթաց, օգնել Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել խնդրահարույց հարցերի շուրջ։

«Այսպիսով, այցի ամսաթվերն ու պարամետրերը կորոշվեն՝ ըստ այդ նպատակի»,- նկատել է Լաքոթը:

Նա նշել է նաև, որ տրամաբանական կլինի, որ նախագահ Մակրոնը խոսի տարածաշրջանի բոլոր ղեկավարների հետ։

«Մենք հնարավորություն ունենք խոսել բոլոր կողմերի հետ և ապահովել միջնորդի դերը, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացին»,- հստակեցրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

Անդրադառնալով հետհակամարտային չկարգավորված խնդիրներին՝ դեսպան Լաքոթն ասել է, որ մի շարք հարցեր բաց են մնացել։ Ըստ նրա, ռազմագերիները, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում, մի քանի հարյուր կիլոմետրանոց նոր սահմանը, որն այսուհետ գոյություն ունի երկու երկրների միջև, և ընդհանուր առմամբ բուն Ղարաբաղի հարցը։

«Տեսնում ենք, որ այս հարցերը լուծված չեն։ Ուստի, կողմնակից ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվի քաղաքական գործընթաց։ Մի գործընթաց, որը Մինսկի խմբի համանախագահները կոչված են ուղեկցելու։ Հայաստանի և տարածաշրջանի համար անվտանգության լավագույն երաշխիքն այս տարբեր կետերի բանակցային ճանապարհով լուծումն է։ Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հարցերի շուրջ խոսելու համար բոլոր կողմերի կողմից ճանաչված միակ մարմինն է»,- նշել է դեսպան Լաքոթը:

Վերջինս խոսել է նաև Ղարաբաղի կարգավիճակը բանակցություններով հստակեցնելու և ԼՂ-ում միջազգային ներկայությունն ընդլայնելու մասին:

Լաքոթի հարցազրույցը և հատկապես պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ արված դիտարկումները վերջին ժամերին ՀՀ-ում լայնորեն քննարկվում են, սակայն պետք է արձանագրել, որ սա ֆրանսիական կողմից արված առաջին լուրջ ակնարկը չէ:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ այսինքն՝ հետհակամարտային փուլում, և հատկապես մայիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի խախտման ֆոնին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս ուշագրավ հայտարարություններ է արել:

Հայ-ադրբեջանական սահմանախախտմանը հաջորդած Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցից հետո Փաշինյանը մանրամասներ էր ներկայացրել զրույցի բովանդակությունից:

Նա նշել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ոչ միայն վերջին սահմանային լարվածության հարցն առաջարկել է տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այլ նաև անհրաժեշտության դեպքում պատրաստ է ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել։

Հունիս ամսին Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Մակրոնն ասել էր, որ Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի հետ, և արձանագրել, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի վեր նկատում են, որ եթե նույնիսկ ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվում է, բայց անելիքները շատ են, Ֆրանսիան պատրաստ է օգնել այս հարցում: «Առաջին հերթին խոսքս վերաբերում է ռազմագերիների ազատ արձակմանը, ինչպես նաև մյուս բանտարկյալների, նաև մարդասիրական օգնության հարցը, տարածքների ականազերծումը, նաև շատ կարևոր հարց է ժառանգության պահպանությունը Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում` լինի թե՛ քրիստոնեական, և թե՛ մահմեդական ժառանգություն, պետք է անպայման պահպանվի»,- ասել էր Մակրոնը:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ իրողությունները պետք է դիտարկել հայտարարություններից առանձին, պրակտիկ առումով տարածաշրջանում ռազմական բաղադրիչով ներքաշվելու տեսանկյունից Ֆրանսիան շատ քիչ բան կարող է անել, քանի որ առաջին հերթին՝ լուրջ փորձ չունի, երկրորդ՝ չունի մեծ ազդեցություն։ Ուստի Ֆրանսիայի նախաձեռնությունները կարող են որոշակիորեն ազդեցիկ դիտարկվել արևմտյան, տարածաշրջանային այլ երկրների ու կենտրոնների հետ համագործակցության համադրմամբ, և երրորդ՝ Ֆրանսիան, ինչպես և Թուրքիան, որի գործընկերը Ադրբեջանն է, ՆԱՏՕ-ի անդամ են:

Ֆելգենգաուերի դիտարկմամբ, ՆԱՏՕ-ի անդամակցությունը լուրջ գործոն է, և ՆԱՏՕ–ի անդամները չեն կարող դուրս գալ միմյանց դեմ:

Ըստ նրա, այն, ինչ կարող է անել Ֆրանսիան, քննարկվում է մամուլում՝ միջազգային կառույցներում այս կամ այն հարցն առաջ քաշելն է, բանակցություններին միջնորդ լինելն է, սակայն Ֆրանսիայի որևէ գործողություն չի կարող համաձայնեցված չլինել գլխավոր դերակատարների հետ, քանի որ դա կարող է անդրադառնալ անվտանգային իրավիճակի վրա:

«Ներկայիս իրավիճակը թելադրում է դա: Հասկանալի է, որ այդ մասին խոսվում է երևի թե հեռանկարի համար, քանի որ ռազմական ի՞նչ համագործակցություն կարող է լինել, ինչի՞ մասին է խոսքը, դժվարանում եմ ասել, հաշվի առնելով Ռուսաստանի լուրջ ներկայությունն այս խնդիրներում: Որևէ մեկին ձեռնտու չէ կռիվ անել ինչ-որ մեկի փոխարեն, բոլորը հետաքրքրված են, որպեսզի լինեն բանակցություններ կողմերի միջև, և բոլոր ծանր հարցերը լուծվեն: Ռուսաստանն իր շահերին համապատասխան անում է այն, ինչ հնարավոր է, ի՞նչ այլընտրանք է առաջարկում Ֆրանսիան, հասկանալի չէ:

Հասկանալի է, որ կան շահեր և ինչ-որ նախաձեռնությամբ տարածաշրջան «մուտք գործելու» ցանկություն, բայց այստեղ ազդեցություն ունեն Թուրքիան և Ռուսաստանը, իսկ Ֆրանսիան ցանկանում է ունենալ քաղաքական դերակատարություն, դրան հասնելու համար հարկավոր է ունենալ դեր անվտանգային հարցերում:

Սա Ֆրանսիայում լավ են հասկանում, հենց այդ պատճառով խոսվում է այս մասին, ու գուցե դա նպաստի քաղաքական դերակատարության աճին:

Տեսնում ենք, որ կա կոնտակտ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների միջև, ինչը նշանակում է, որ կարող է ծավալվել համագործակցություն»,- ասաց Ֆելգենգաուերը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2022 թվականին Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են սպասվում, որոնցում Մակրոնի վերընտրության հնարավորությունները շատ քիչ են, և չի բացառվում, որ հռետորաբանության մի մասն ուղղված է հենց ընտրություններին:

«Մյուս կողմից՝ այս հարցում Ֆրանսիայի ներկայիս նախագահը քիչ ժամանակ ունի, եթե սերտացում տեղի ունենա, չեմ կարծում, որ այլ նախագահ, իհարկե, դա չեղարկի, քանի որ հայկական ազդեցությունը Ֆրանսիայում մեծ է, ինչպես նաև ներկայումս կա Արևմուտքի հավաքական շահ Հարավային Կովկասի շուրջ: Այս ամենը համադրելով՝ կարծում եմ, որ Ֆրանսիայի քայլերը պետք է դիտարկել արևմտյան հավաքական քայլերի շրջանակում, այդ դեպքում միայն դա կարող է ազդեցություն ունենալ, ինչպես նաև տարածաշրջանային տերությունների հետ աշխատանքով ու հետևողական ջանքերով»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս