«Պարոն Փաշինյան, ինչո՞վ ես զբաղված, գոնե քո հայրենի Իջևանը փրկիր». Հրաչ Բերբերյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրառում է կատարել, որ ամեն Աստծո օր ինքը տեսնում է, թե ինչպես են իր գործընկերները լավացնում մարդկանց կյանքն ու դարձնում Հայաստանն ավելի լավ տեղ ապրելու ու արարելու համար: «Այսօր ևս չնաշխարհիկ ծրագրեր ընդունեցինք գյուղատնտեսության և տնտեսության ոլորտներում, ծրագրեր, որոնք կոգեշնչեն մարդկանց նոր սխրանքների»,- գրել էր Քերոբյանը:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը չգիտի՝ ինչ չնաշխարհիկ ծրագրերի մասին է խոսում Վահան Քերոբյանը:

«Միգուցե պարոն Քերոբյանի, իր շրջապատի քայլող-վազողների համար դրանք չնաշխարհիկ ծրագրեր են, բայց գյուղացին այսօր ծանր վիճակում է: Մենք ունեցանք ջրամբարների խնդիր, որ ջուրը չէր լցվել, և դրա միակ մեղավորը տարածքային կառավարման նախարար Պապիկյանն էր, որովհետև չէր հետևել ջրամբարներին, ջուրը վաճառվել էր: Զարմանում եմ վարչապետի վրա, որ Պապիկյանին նշանակում է կոնկրետ հարցի լուծման հանձնաժողովի նախագահ: Այդտեղ լուծելու ոչինչ չկար: Ջուրը անհետացել էր, ջրամբարները ջուր չէին կուտակել կամ կուտակել էին ու վաճառել. այդտեղ հետաքննություն էր հարկավոր անել, և 4-5 ջրամբարի տնօրեն պետք է այսօր լինեին ուղղիչ-աշխատանքային գաղութում: Դա իմ խորը համոզմունքն է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի Կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ 2021թ. հուլիսի 20-ի դրությամբ նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 139 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 9.0 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 16.1 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 3.6 մլն մ³-ով: Սևանա լճի մակարդակն էլ նվազել է 2 սմ-ով:

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ տարին բարվոք էր, և ջրամբարները պետք է լեփ-լեցուն լինեին. «Ախուրյանի ջրամբարով ջուրը գնացել է Թուրքիա: Հիմա, թե դա վաճառվել է, թե բարեգործություն է եղել, թե բարի նպատակներ են եղել հարևան հանրապետության համար՝ հետաքննությունը պետք է պարզի: Պետք է անկախ հանձնաժողով ստեղծվեր»:

Գյուղոլորտի մյուս խնդիրը, նրա խոսքով՝ մորեխի տարածումն է. «Ընդամենը մեկ շաբաթ առաջ պարոն Փաշինյանի հայրենիքում մորեխները ոչնչացրել են հսկայական քանակությամբ խաղողի այգիներ, մեկամյա կուլտուրաներ: Պարոն Փաշինյան, գոնե քո հայրենիքը փրկի, բա Իջևանից եկել ես այստեղ, ինչո՞վ ես զբաղված: Չէ՞ որ մենք ունենք դրա համար հատկացված գումար: Ես չգիտեմ՝ այս տարի կառավարությունը հատկացրե՞լ է այդ գումարը, թե՞ ոչ, բայց դա միշտ եղել է բույսերի պաշտպանության ծրագրերի մեջ: Մորմազգու ցեցի դեմ մասնագետ չունեք, հասկացանք, մորեխի դեմ էլ չունե՞ք մասնագետ: Դե, հիմա քո կառավարությանը վերցրու ու գնացեք Իջևան, գյուղացու վիճակը տեսեք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս