Թեկուզև մեր տարածքը չէ, միգուցե բանակցենք. Դիլիջանի համայնքապետարանը՝ «Հաղարծին» վանական համալիրի մոտակայքի կիսակառույցի մոտ դժբախտ դեպքից հետո ցուցանակ տեղադրելու մասին
Հուլիսի 10-ին, ժամը 17։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Հաղարծին» վանական համալիրի մոտակայքում քաղաքացի է ընկել փոսի մեջ:
Պարզվել է, որ քաղաքացին (Ա․ Բ․, ծնված 1998 թ.) «Հաղարծին» վանական համալիրի մոտակայքի կիսակառույց շինությունից ընկել է հարակից ձորակը և մահացել։
Քաղաքացիների փոխանցմամբ՝ շատերն են բարձրանում այս շենքի վերջին հարկ՝ հիանալու այնտեղից երևացող բնապատկերով: Այդ նպատակով էլ 23-ամյա աղջիկը քրոջ ու ընկերների հետ բարձրացել է երրորդ հարկ ու չնկատելով հատակի մեծ անցքը՝ ընկել 10 մետր ներքև:
168.am-ը Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սոնա Եգանյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք արգելված է մուտքը Հաղարծին վանական համալիրի հարևանությամբ գտնվող կիսակառույց, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, կամ ցուցանակ տեղադրվե՞լ է, վերջինը պատասխանեց.
«Ճիշտն ասած, դա համայնքապետարանի տարածքը չէ, «Ազգային պարկի» տարածքն է: Հարցումներ էին եկել, մասնագետները գնացել են, արխիվները քանդել, բայց բոլոր դեպքերում ճիշտ եք ասում, թեկուզև մեր տարածքը չէ, միգուցե բանակցենք: Կարծում եմ՝ հարցը շուտափույթ լուծում կստանա, համայնքի ղեկավարի և Ազգային պարկի տնօրինության միջև համաձայնություն ձեռք կբերվի, որ եթե իրենք ցուցանակ չեն տեղադրում, համայնքի կողմից դրվի»:
Հարցին՝ ո՞վ է այդ շինության սեփականատերը, տիկին Եգանյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ տարածքն «Ազգային պարկին» է պատկանում, իրենց մոտ կերևա՝ վարձակալությա՞մբ է տրված, թե՞ իրենց է պատկանում:
«Մեզ մոտ իրենց արխիվը չկա»,- նշեց նա: