«Կասպերսկի»-ն Երևանում անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կիբեռանվտանգության ուսուցման սեմինար
Կիբեռանվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը հուլիսի 22-ին Երևանում Հայաստանի առաջատար ընկերությունների համար առաջին անգամ երկրում անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կիբեռանվտանգության ուսուցման սեմինար։
Սեմինարին մասնակցել են Հայաստանի բանկերի, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի, բջջային կապի և ինտերնետի օպերատորների, տեղեկատվական տեխնոլոգիաների, խորհրդատվական, արդյունաբերական և առևտրային ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման և տեղեկատվական անվտանգության ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները։
Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Սեմինարին բանախոսել է «Կասպերսկի» ընկերության Security Awareness ուղղության ղեկավար Ելենա Մոլչանովան, որը ներկայացրել է կազմակերպությունների աշխատակիցներին կիբեռանվտանգության ուսուցման Kaspersky Automated Security Awareness Platformի կիրառման մեխանիզմները, հնարավորությունները և արդյունավետության չափանիշները։ Նա անցկացրել է նաև «Ինչպե՞ս չընկնել կիբեռխարդախների ծուղակը» ուսուցողական խաղը, որի ընթացքում սեմինարի մասնակիցները սեփական օրինակով համոզվել են, թե ինչպես կարելի է սկսել կիբեռանվտանգության ուսուցումը, նաև տեղեկացել են ամենավառ օրինակների մասին, թե ինչպես է աշխատակցի սխալը հանգեցրել մեծ խնդիրների։
«Կազմակերպությունների կիբեռանվտանգության արդյունավետ ապահովման գործում առանցքային դեր է խաղում մարդկային գործոնը։ Շատ հաճախ կիբեռանվտանգության կանոնները չիմացող աշխատակիցների սխալների պատճառով կազմակերպությունները կրում են բազմամիլիոնանոց վնասներ ֆինանսների, արժեքավոր փաստաթղթերի և հեղինակության կորստի հետևանքով։ Կիբեռանվտանգության ոլորտի պատշաճ ուսուցման համար «Կասպերսկի» ընկերությունն ստեղծել է Kaspersky Automated Security Awareness Platform (K-ASAP) պարզ առցանց գործիքը՝ www.k-asap.am, որը կօգնի սեմինարին մասնակից կազմակերպությունների աշխատակիցներին տիրապետել կիբեռանվտանգության հմտություններին և կոչված է պաշտպանելու կազմակերպությունների բիզնեսը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Սեմինարի մասնակիցներն ունեցել են կիբեռանվտանգության և ոլորտի ուսուցման վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը ինտերակտիվ քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։