Այնպիսի տպավորություն է, որ կա պետությունը կործանելու հստակ ծրագիր, ու դա քայլ առ քայլ իրագործվում է. Ալվինա Աղաբաբյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Արցախի վերաբերյալ Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են, այն է՝ «Ադրբեջանն ու Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում»։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվի բռնապետն այս համատեքստում կարևորել է Հայաստանում «ռևանշիզմի դրսևորումները կանխելը»:

Նա նաև անդրադարձել է իր սիրելի «մենյուին»՝ հերթական անգամ հայտարարելով, որ «չկա ո՛չ կարգավիճակ, ո՛չ Լեռնային Ղարաբաղ»։

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանի գնահատմամբ՝ Ալիևի հայտարարությունները հայկական պաշտոնական շրջանակներից կողմից պետք է արժանանային կոշտ պատասխանների, մինչդեռ դրանք շարունակաբար մնում են անպատասխան:

«Ալիևն ինչ ասում է, մեր իշխանությունները լուռ հանդուրժում են, չեն պատասխանում, արձագանքող էլ չկա փաստացի: Գրեթե երեք ամիս է՝ ադրբեջանական բանակը գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում, ոչ մի քայլ չի արվում թշնամուն երկրի սահմաններից դուրս շպրտելու համար։ Բացի այդ՝ չունենք պաշտպանության նախարար կամ պաշտոնակատար, ավելի երկար ժամանակ է՝ չունենք արտգործնախարար, և դա՝ այն դեպքում, երբ ունենք հազարավոր մարտահրավերներ պաշտպանական և արտաքին ոլորտներում: Այնպիսի տպավորություն է, որ կա պետությունը կործանելու հստակ ծրագիր, ու դա քայլ առ քայլ իրագործվում է»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց փորձագետը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ «Ադրբեջանն ու Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում» հայտարարությանը՝ փորձագետը նկատեց.

«Պատերազմից հետո մեր իշխանություններն արցախյան հարցում որևէ դիրքորոշում  չեն արտահայտում՝ հստակեցնելու, պարզաբանելու համար՝ արդյո՞ք նրանք ևս հարցը համարում են փակված, կամ եթե ոչ, ապա ի՞նչ լուծումներ են տեսնում. նրանք պարզապես չեն խոսում այդ մասին:

Իսկ հարցը լուծված չէ, քանի որ ունենք Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հանրապետության շրջաններ, ունենք տեղահանվածներ, ունենք գերիներ, ունենք պաշտպանական, հումանիտար ու սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ, ՀՀ սահմանին ունենք Արցախյան հարցից բխող բազմաթիվ չլուծված հարցեր: Եվ ամենակարևորը՝ Արցախը չի ճանաչվել որպես անկախ պետություն, օդում առկախված է մնացել Արցախի կարգավիճակի, ասել է թե՝ ճակատագրի հարցը, ինչը նշանակում է՝ այդ հարցը փակված չէ։ Այլ բան է, թե գործող իշխանություններն Արցախյան խնդրի ինչ լուծում են տեսնում, կամ գուցե իրենք ևս համաձայն են Ալիևի այդ ձևակերպման հետ»:

Տեսանյութեր

Լրահոս