«Ալիևը լավ հասկանում է, որ եթե ապաքինվենք ու այս իրավիճակից դուրս գանք, կարող է այլ իրավիճակ ստեղծվել». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապաետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ այն հայտարարությունները, որոնք Ալիևն անում է՝ կապված Արցախի հակամարտության իբրև թե կարգավորված լինելու հետ, պետք է դիտարկել այլ համատեքստում։

«Բնականաբար, Արցախի հակամարտությունը կարգավորված չէ, սա պարզ է և բնական է, քանի դեռ Արցախը կա, իսկ մենք անելու ենք ամեն ինչ, և բոլորիս պարտքն է՝ անել ամեն ինչ, որպեսզի Արցախը մնա հավերժ։ Կրկնում եմ՝ Արցախի հակամարտությունը կարգավորված չէ, հատկապես, որ Ադրբեջանի կողմից չկա պատրաստակամություն՝ հարցի համապարփակ կարգավորման համար։ Հետևաբար՝ Ալիևի ասածն իրականությանը չի համապատասխանում։ Ալիևի այդ հայտարարությունները ոչ թե իրականության արտացոլումն են, այլ իրենց նպատակների տեսլականն է, արտացոլումը։ Նրանք ուզում են ոչնչացնել Արցախը, որի մասին շատ բաց խոսում է, որևէ մեկից չի թաքցում, ասում է՝ Ղարաբաղ չկա։ Ավելին՝ իր ելույթում հայտարարել է հետևյալը, որ Արցախում բնակվում է  ընդամենը 25.000 հայ, ինչը նույնպես իրականությանը չի համապատասխանում։ Սա նշանակում է, որ եթե իրենք իրենց նպատակին հասնեն, այսինքն՝ կործանեն Արցախը, մաքսիմում այստեղ կարող են թողնել 20-25.000 հայ, որպես ռեզերվացիայի մի ձև կամ որպես համակենտրոնացման ճամբար, թե՝ տեսեք, այստեղ հայ կա՝ երիտթուրքերի տրամաբանությամբ, որոնք ասում էին, որ պետք է մեկ հայ թողնեն, այն էլ՝ թանգարանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։

Ըստ Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարի, Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, բոլոր նորմերն ու կանոնները, հետևաբար՝ հայկական կողմն իրականությունը ճիշտ պետք է պատկերացնի և հասկանա, թե ում հետ գործ ունի, առավել ևս, որ թշնամին իր իրական նպատակները չի թաքցնում։

Ինչ վերաբերում է Ալիևի մեկ այլ հայտարարության, թե Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո ռևանշիզմի գնալու գաղափարներն իրենց համար անընդունելի են, և հարցին՝ ի՞նչ մտավախություններ ունի Ալիևը, Դավիթ Բաբայանը պատասխանեց.

«Ալիևի մտավախությունը հետևյալն է, իհարկե, այժմ նա, այսպես ասած, աքլորացել է իր հաղթանակներից հետո։ Իհարկե, սա էլ ազդում ու խթանում է նրա մոտ եղած այդ ահաբեկչական պահվածքը, սակայն պարզ է, որ նա լավ հասկանում է, որ եթե ապաքինվենք ու այս իրավիճակից դուրս գանք, կարող է այլ իրավիճակ ստեղծվել։ Բնական է, որ սա Ադրբեջանին և Թուրքիային չի կարող չանհանգստացնել»։

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, թե «չկա Ղարաբաղ, հակամարտությունը լուծված է»՝ ընդգծելով, որ Հայաստանում ռևանշիզմի գնալու գաղափարներն իրենց համար անընդունելի են։

«Մենք քննարկել ենք տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքը» և հակամարտությունից հետո ընկած ժամանակահատվածը։ Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, մոտեցումների շուրջ տարաձայնություններ չունենք․ մենք կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտված է»,- ասել է նա։

Միաժամանակ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին:

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևան կատարած այցի ժամանակ սահմանամերձ տարածքները վիճելի է անվանել։ Ճիշտն ասած՝ համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ այդ տարածքները մերն ենք համարում։ Ես համարում եմ, որ դրանք Զանգեզուրի տարածքներն են, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում»,- շեշտել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս