Անդրանիկ Փիլոյանը դիմել է կառավարություն՝ փրկարար ծառայությունում աշխատանքի անցման մրցութային կարգը փոխելու հարցով
Արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել:
Շաբաթվա ընթացքոմ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է գերատեսչության բոլոր առանցքային ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների աշխատակիցների հետ՝ քննարկելու կատարողական կարգապահությանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համավարկի դեմ պատվաստումներին և աշխատակիցների նախաձեռնողականության խթանմանը վերաբերող հարցեր:
Հանդիպումների ընթացքում մի շարք վարչություններում ծավալվել է անկաշկանդ քննարկում՝ աշխատակիցներին մտահոգող խնդիրների լուծման շուրջ:
Մասնավորապես՝ Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության քաղաքականության մշակման բաժինը վերափոխվել է Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության: Փոփոխության առթիվ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը ծանոթացել է վարչության աշխատանքին, զրուցել անձնակազմի հետ, լսել մտահոգություններն ու առաջարկները:
Ա. Փիլոյանը կարևորել է քաղաքականության մշակման վարչության աշխատանքը՝ այն համարելով նախարարության շարժիչ ուժը: Ըստ նրա՝ ստորաբաժանումն արդեն հասցրել է ցուցադրել աշխատանքային իր ոճը: Վարչության ղեկավար Արմեն Կարապետյանը տեղեկացրել է, որ շուտով աշխատակիցների շարքերը համալրվելու են նոր մասնագետներով:
Այս պահին ստորաբաժանումը զբաղված է կառավարության համար 2025-2026թթ ԱԻՆ միջոցառումների ծրագրերի մշակմամբ, տեղեկացրել է Ա. Կարապետյանը: Նա նշել է, որ հաջորդ քայլը լինելու է Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության լրամշակումը: Դրանում ընդգրկված կլինեն հրդեհաշիջման աշխատանքներում այլ նախարարությունների հետ համագործակցության հարցեր և այլ ընդհանուր միջոցառումներ՝ առաջիկա տարիների համար:
Ա. Փիլոյանը հանդիպումների շարքը եզրափակել է ԱԻՆ Փրկարար ծառայության անձնակազմի հետ համդիպմամբ: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է կառույցի գործունեությունը: Կատարված աշխատանքը կառույցի ղեկավարը բարձր է գնահատել՝ շեշտելով առկա կատարողական կարգապահությունը:
Ա. Փիլոյանն անձնակազմին տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ կառավարություն՝ փրկարար ծառայությունում աշխատանքի անցման մրցութային կարգը փոխելու և բնակավայրից 50 կմ հեռավորության վրա ծառայություն անցնողների համար փոխհատուցման կարգ սահմանելու վերաբերյալ՝ վստահեցնելով, որ այս հարցում հետևողական է լինելու:
Իր հերթին, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը բարձր գնահատականի համար շնորհակալություն է հայտնել ԱԻ նախարարության ղեկավարին՝ ընդգծելով, որ իրենց «աշխատանքով ապացուցել և ապացուցում են, որ աշխատում են ուժերի առավելագույն չափով»: