Մերկելը գովել է Թուրքիային, սակայն ասել է, որ չի կարծում, թե Թուրքիան ԵՄ անդամ կդառնա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիային վերաբերող տարբեր թեմաներով հայտարարություններ է արել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կանցլերը վատատեսական գնահատականներ է հնչեցրել Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացի վերաբերյալ՝ ասելով, որ չի կարծում, թե այդ երկիրը կդառնա Եվրամիության անդամ:
«Ես չեմ տեսնում Թուրքիայի նախադրյալներ ԵՄ անդամ դառնալու համար: Սակայն ամեն դեպքում ջանքեր եմ գործադրում Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար»,- ասել է Մերկելը:
Վերջինս Թուրքիայի հասցեին դրվատանքի խոսքեր է ասել սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու համար:
«Թուրքիան այս հարցում լավ գործեր է կատարել, և մենք էլ, որպես Եվրոպա, օգնել ենք նրան: Եվս 3 մլրդ եվրո փոխանցում կկատավի այդ նպատակով»,- ասել է Գերմանիայի առաջնորդը՝ ավելացնելով, որ ինքը կողմ է Թուրքիայի հետ ԵՄ-ի կնքած միգրացիոն համաձայնագրի գործողության շարունակականությանը:
Մերկելը նաև անդրադարձել է Կիպրոսի խնդրով թուրք-հունական հարաբերությունների վերջին լարվածությանը՝ նշելով, որ դեռ հույսը չի կորցրել կողմերի համաձայնության հասնելու հարցում: