Բաժիններ՝

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Վերապատրաստման ծրագրի մեկնարկի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է սփյուռքահայ ուսուցիչներին՝ ընդգծելով. «Նախարարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը Հայաստան-սփյուռք համագործակցության համատեքստում և ձգտում է առավելապես օգտակար լինել: Վերապատրաստումներին զուգընթաց կարևորագույն խնդիրներից է նաև սփյուռքի կրթօջախներին դասագրքերով և ուսումնական անհրաժեշտ նյութերով ապահովումը: 2021 թվականի հունվարից սկսած՝ 14 երկրի 47 կրթօջախներին տրամադրվել է շուրջ 20000 կտոր ուսումնական գրականություն»:

Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ այս տարի կիրականացվի հետազոտություն, որի նպատակն է գնահատել վերջին տասը տարում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ազդեցությունը սփյուռքի կրթօջախներում իրագործվող կրթական գործընթացների վրա. «Վստահ եմ, որ հետազոտության արդյունքները նույնպես կնպաստեն սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը զարգացնելու և կատարելագործելու համար: Ցանկանում եմ հայտնել նաև, որ սփյուռքի կրթօջախների տվյալների բազայի կառավարման էլեկտրոնային նոր հարթակի ստեղծմամբ, որի մշակումն ու շահագործումը նախաձեռնել է նախարարությունը, հնարավոր կլինի նաև ստանալու տեղեկություն սփյուռքում գործող կրթամշակութային հաստատությունների մասին»:

Եզրափակելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ այս տարվա վերապատրաստումը նույնպես բոլորին կհամախմբի համընդհանուր նպատակների շուրջ և կստեղծի զարգացման նոր հնարավորություններ:

Առցանց հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա որպես նորամուծություններ կարևորել է տնօրենների վերապատրաստումը և «Հայոց պատմության դասավանդման» ու «Հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդման» վերապատրաստման կազմակերպումն առանձին ծրագրերով:

«Համավարակը մեզ մղեց նորարարությունների. հետագայում ևս շարունակելու ենք ուսուցիչների վերապատրաստման որոշ բաղադրիչներ իրականացնել առցանց: Դա հնարավորություն կտա ընդլայնել մասնակիցների շրջանակը, աշխարհագրությունն ու ապահովել վերապատրաստման երկարատև գործընթաց»,- հավելել է փոխնախարարը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը նախարարության կողմից կազմակերպվում է հեռավար ձևաչափով՝ պայմանավորված COVID-19 համավարակով: Հաշվի առնելով հեռավար ձևաչափի սահմանափակումները՝ ծրագրային բովանդակության մշակման ընթացքում շեշտադրումը կատարվել է նոր գիտելիքի փոխանցման, կարողությունների և հմտությունների զարգացման վրա: Միաժամանակ մշակութային միջոցառումների փոխարեն, օրինակ՝ այցելություններ թանգարաններ, մշակութային գործիչների հետ հանդիպումներ և այլն, կազմակերպվելու են թանգարանային հեռավար ուսուցում և թեմատիկ դասախոսություններ:

Այս տարվա առցանց վերապատրաստմանը մասնակցում են սփյուռքի կրթօջախների շուրջ 140 ուսուցիչներ՝ շուրջ 20 երկրից, ներառված են հետևյալ յոթ ծրագրային ուղղությունները՝

  • ուսուցում մանկապարտեզում,
  • ուսուցում մեկօրյա դպրոցում,
  • տարրական ուսուցում,
  • հայոց լեզվի և գրականության դասավանդում,
  • Հայոց պատմության դասավանդում,
  • հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդում,
  • վերապատրաստում տնօրենների համար:

Մեկամսյա դասընթացների կազմակերպումը մրցույթով ստանձնել է  «Ֆիչըր» («Feature») կազմակերպությունը` «ՊրոԴեՖորմ» («ProDeForm») կազմակերպության հետ համագործակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս