Սյունիքի կալանավորված համայնքապետեր Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն անհապաղ պետք է ազատ արձակվեն. նրանք անձեռնմխելիություն ունեն. Ռոբերտ Հայրապետյան
Երեկ՝ հուլիսի 22-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արտահերթ նիստով հաստատեց 8-րդ գումարման Ազգային ժողովի (ԱԺ) առաջին նստաշրջանի գումարման օրը, ուժը կորցրած ճանաչեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը, ինչպես նաև սահմանեց 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորի մանդատ ստացած անձանց անունները:
Արդյունքում՝ օգոստոսի 2-ին մեկնարկող նստաշրջանում «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա՝ 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր:
ԿԸՀ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ ԱԺ պատգամավորի մանդատ ստացած «Հայաստան» դաշինքի երկու ներկայացուցիչ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի և Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի՝ այժմ կալանավորված լինելու փաստը չի կարող պատգամավորական մանդատ ստանալու խոչընդոտ հանդիսանալ:
Ճշտող հարցին՝ դա նշանակո՞ւմ է, որ պատգամավորները ստանում են պատգամավորական անձեռնմխելիություն, Մուկուչյանն արձագանքել է.
«Մանդատները տալու վերաբերյալ արձանագրությունը կազմվեց, և եթե Դուք հետևում էիք՝ նաև նշված պատգամավորների անունները ընթերցվեցին: Այսինքն՝ դա նշանակում է, որ հիշյալ պատգամավորները ևս ստանալու են իրենց մանդատները և իրականացնելու են իրենց պատգամավորական գործունեությունը: Իսկ պատգամավորական գործունեության իրականացման եղանակները, ձևերը և այլն, այդ ամենը կարգավորվում է այլ օրենսդրությամբ»:
168.am–ի հարցին, թե ինչպե՞ս է կարգավորվելու այժմ կալանավորված 2 պատգամավորների հետագա ֆունկցիոնալության հարցը, և առհասարակ ի՞նչ է լինելու նրանց, ինչպես նաև այժմ ազատության մեջ գտնվող պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ՝ պատգամավորական մանդատները ստանալուց հետո, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ ըստ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի՝ պատգամավորի թեկնածուի նկատմամբ մինչև պատգամավորական լիազորությունները ստանձնելը քրեական հետապնդում կարող է հարուցվել բացառապես ԿԸՀ համաձայնությամբ:
«Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի մասով ԿԸՀ-ն համաձայնություն է տվել, որպեսզի հաղթահարվի պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունը: Եթե երեկ ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն պատգամավորների մանդատները բաշխելու վերաբերյալ, արդեն իսկ Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի առնչությամբ ծագում է պատգամավորի իմունիտետ, ինչը հստակ ամրագրված է Սահմանադրության 96-րդ հոդվածով, իսկ դրա ընթացակարգն ամրագրված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ Սահմանադրության 96-րդ հոդվածի տրամաբանությունը հուշում է, որ մանդատ ստանալուց անմիջապես հետո, այսինքն՝ ԿԸՀ արձանագրությունից հետո, երբ առաջանում է կալանավորված պատգամավորների հանդեպ անձեռնմխելիության հարցը, նրանք պարտավոր են անհապաղ ազատ արձակվել:
«Շատ է շահարկվում, որ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը մինչ այդ են հանցագործություն կատարել, և այս կարգավորումը նրանց վրա չի տարածվում: Դա միֆ է, որովհետև Սահմանադրության 96-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ, և բացառությունը միայն այն դեպքն է, երբ պատգամավորները բռնվել են հանցանքի կատարման պահին: Այլ բացառություն չկա»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը՝ հավելելով, որ սա ենթադրում է՝ Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին անհապաղ պետք է ազատ արձակեն:
Ըստ նրա՝ դրանից հետո միայն գլխավոր դատախազը պետք է միջնորդություն ներկայացնի Ազգային ժողով և ԱԺ-ից ստանա նրանց անձեռնմխելիությունից զրկելու իրավունք, որից հետո նրանց վերստին կարող են կալանավորել:
«Բացի դրանից, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածն ընթացակարգը սահմանելիս տալիս է 2 անգամ 20 րոպե տևողությամբ ելույթի հնարավորություն այն պատգամավորների համար, ովքեր կալանավորվելու են: Այսինքն՝ այս պահին նրանց ազատ արձակվելը նաև պիտի երաշխավորվի, որպեսզի Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը կարողանան իրենց գործի մասով 20 րոպեական ելույթներ ունենալ»,- ասաց իրավաբանը:
Ռոբերտ Հայրապետյանը նաև ասաց, որ այսօր փաստաբաններն անհատապես պետք է դիմեն գլխավոր դատախազին, որ իրենց պաշտպանյալներին ազատ արձակեն: