«ՔՊ-ականները քաղաքական թշնամիներ են. համագործակցել այդ մարդկանց հետ, նշանակում է՝ օգնել կործանել Հայաստանը». Քրիստինե Վարդանյան

«Նախկինում պրակտիկա ենք ունեցել, որ ընտրությունները դառնում էին անգամ ճգնաժամերի առիթ, որովհետև ունեցել ենք Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործիչներ, որոնք ռումբերի պես դրվել են Հայաստանի Հանրապետության հիմքում, և ժամանակը միացվել էր, ու այդ ռումբերը պետք է պայթեին: Այսինքն՝ կապ չունի՝ ինչ ընտրություններ էին անցկացվում, կապ չունի՝ դրանք որքան լավն էին նախորդից, այդ մարդիկ ունեցել էին առաջադրանք՝ ամեն կերպ վարկաբեկել Հայաստանի Հանրապետությունը, ճգնաժամեր ստեղծել, որպեսզի կարողանան անել այն, ինչ արեցին 2018թ.»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ, ըստ Փաշինյանի՝ նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային:

ՀՅԴ անդամի խոսքով՝ հունիսի 20-ից առաջ եղած խնդիրներն ընտրությունների արդյունքներով չեն վերացել. «Առաջին անգամ 30 տարվա մեջ կար անվտանգության ճգնաժամ, արդյո՞ք այն հաղթահարված է. երեկ մենք դիվերսիոն խմբի ներթափանցման մասին էինք խոսում արդեն Երևանում: Եթե առաջ տղաները մեկնում էին Արցախ, և այնտեղ որոշ դեպքերի մասին էինք լսում, հիմա այդ նույն դեպքերը մի քանի անգամ ավելի շատ կրկնվում են Սյունիքում, Գեղարքունիքում, Երասխում:

Երասխը մայրաքաղաք Երևանից հեռու է այնքան, ինչքան Սարդարապատը: 1918թ., երբ մենք Եռաբլուրի մոտ ենք խրամատներ փորել, հիմա էլ երևի պետք է սկսել մտածել այդ ուղղությամբ: Որևէ սոցիալական խնդիր, եթե որևէ մեկը կասի, որ լուծվել է, կամ կստի, կամ տեղյակ չի լինի իրավիճակից: Եվ մնացած բոլոր խնդիրները, որոնք ՀՀ-ն 30 տարի ունեցել է, և եթե նախկինում կարող էինք խոսել, որ այդ խնդիրները կամաց-կամաց լուծվում էին, եթե 2018թ. հասել էինք խոսքի ազատության բավականին բարձր մակարդակի, հանցագործության ցածր մակարդակի, հիմա մենք տեսնում ենք Երևանի կենտրոնում կրակոցներ պարբերաբար, նույն արատավոր բարքերի կրկնապատիկը՝ ներկա իշխանությունների օրոք, և որևէ դրական տեղաշարժ չենք տեսնում:

Հունիսի 20-ին մի շանս կար՝ ներքին ճգնաժամը հանգուցալուծելու, եթե ՀՀ-ում չվերընտրվեր կապիտուլյանտ իշխանությունը: Շատ կարևոր եմ համարում այս փաստը արձանագրելը, որովհետև երբ ես ասում եմ՝ հաղթահարված չէ ճգնաժամը, դա չի նշանակում, որ, եթե մենք ընտրվեինք, ճգնաժամը միայն այդ դեպքում կհաղթահարվեր: Հայաստանում կապիտուլյանտ իշխանության չվերընտրվելը նախապայման կարելի էր համարել ճգնաժամը հաղթահարելու. Ցավոք, ունենք ճիշտ հակառակ պատկերը»:

Հարցին՝ սահմանային միջադեպերի ֆոնին դարձյալ ակտիվացան այն խոսակցությունները, թե ինչո՞ւ ընդդիմությունը որևէ քայլ չի ձեռնարկում ստեղծված իրավիճակում. արդյոք Երասխում, Գեղարքունիքում, Սյունիքում տեղի ունեցող միջադեպերը պատճառ չե՞ն, որ ընդդիմությունն ընդվզման ալիք ձևավորեր, նա պատասխանեց.

«Ի՚՞նչ կարող է անել ընդդիմությունը, բացի խոսելուց՝ ինչ է կատարվում: Ես այստեղ եմ նաև՝ որպես Դաշնակության ներկայացուցիչ, և երբ պահն է գալիս, որ պետք է պաշտպանել երկիրը, առանց մի վայրկյան մտածելու հավաքվում է Դաշնակցության գումարտակը, գնում է սահմանը զենքով ֆիզիկապես պաշտպանելու: Բայց հիմա ընդդիմությունը որևէ լծակ չունի սահմանները պաշտպանելու:

Պետք է հասկանանք, թե փողոց դուրս գալը հիմա անվտանգության ո՞ր հարցն է լուծում, և նաև շատ են խոսում ընդդիմության սխալների մասին, մենք այդ սխալներից, թերացումներից դասեր քաղել ենք: Մենք անցանք այդպիսի ճանապարհ, որը մեզ տարավ փակուղի, արդյունքում՝ հանգեցինք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և հիմա պետք է հասկանալ՝ այս պայմաններում որ քայլը որի հաջորդականությունն է և ո՞ւր է մեզ տանելու:

Փողոց դուրս գալը կամ որևէ գործողություն զենքերից մեկն է, որոնք պարտադիր օգտագործվելու են, բայց դա չի կարող լինել նպատակը: Նպատակը ՀՀ պաշտպանությունն ու կապիտուլյանտ իշխանություններին հեռացնելն է»:

Ինչ վերաբերում է որևէ ֆորմատով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ խորհրդարանում համագործակցությանը, նա հետևյալն ասաց.

«ՔՊ-ի հետ համագործակցության նույնքան եզր եմ տեսնում, որքան Ալիևի հետ համագործակցության: Այդ մարդիկ քաղաքական թշնամիներ են. անձնական թշնամություն չունեմ, բայց գնահատականը, որ այս մարդիկ հակահայ օրակարգ են առաջ տանում, հակասում են ՀՀ շահին, ամենաանկեղծ գնահատականն է, որ ես ունեմ: Համագործակցել այդ մարդկանց հետ, նշանակում է՝ օգնել կործանել Հայաստանը: Դա մի բան է, որը ես, այս թիմից որևէ մեկը երբեք չի անի: Մենք հայտարարել ենք, որ այս թիմի հետ համագործակցության որևէ եզր չի կարող լինել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս