«Խորհրդավոր» ընթրիք. արևմտյան դեսպանները Մակունցին բացատրել են

Եվրոպական միությունն ու Միացյալ Նահանգները  հատկապես վերջին երկու ամիսների ընթացքում ակտիվորեն աշխատում են ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձի և Հայաստանը Ռուսաստանից կտրելու կամ Ռուսաստանին Հարավային Կովկասից ամբողջությամբ հեռացնելու ուղղությամբ: Տևական ժամանակ է՝ այդ մասին բարձրաձայնում են նաև փորձագիտական-քաղաքագիտական շրջանակները:

Ի դեպ, այդ գործին են լծվել նաև ՀՀ-ում աշխատող արևմտյան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նախօրեին «խորհրդավոր» ընթրիք է տեղի ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի կեցավայրում:

168.am-ին հայտնի դարձավ, որ դեսպան Թրեյսին անվանական ընթրիք է կազմակերպել  ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելիք Լիլիթ Մակունցի պատվին: Ըստ մեր տեղեկությունների՝ ընթրիքին մասնակցել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, արևմտյան երկրների մի շարք այլ դեսպաններ:

168.am-ի աղբյուրների համաձայն, Մակունցի պատվին կազմակերպված միջոցառման ողջ ընթացքում  դեսպանները  սիրաշահել են և նախապատրաստել  նրան սպասվելիք ամերիկյան առաքելության համար, նրանք, այսպես ասած՝ «աշխարհաքաղաքական թրեյնինգ» են կազմակերպել Մակունցի համար՝ բացատրել, թե որքան ճիշտ որոշում կլինի ՀՀ-ի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությունը, փորձել են ցույց տալ, թե որքան մեծ է  վերջերս արևմտյան աջակցությունը Հայաստանին, ինչպես է Բլինքենը զանգահարում Երևան, Մակրոնը հայամետ ժեստեր անում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ այցելում Հայաստան, և այլն, և այլն:

Նրանք, մեր տեղեկությունների համաձայն, Մակունցին բացատրել են, թե ինչ պատմական հնարավորություն է ընձեռվել  Հայաստանին վերջապես Ռուսաստանից կտրվելու, արևմտյան վեկտորի անցնելու համար, և թե ինչ մեծ առաքելություն ունի Մակունցն այդ ամենն ԱՄՆ աջակցության շնորհիվ Հայաստանում կյանքի կոչելու համար:

Այսինքն՝ այն աշխարհաքաղաքական շրջադարձը, որի մասին  արդեն տևական ժամանակ խոսում են մի շարք քաղաքական գործիչներ ու փորձագետներ, քիչ-քիչ միս  ու արյուն է ստանում, և արևմտյան դեսպանները տեղում ևս աշխատանքներ են իրականացնում՝ հանուն տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորումների:

Ի դեպ, հատկանշական է նաև այն հանգամանքը, որ  արևմտյան դեսպանները հասկացրել են՝ եթե այս Կառավարությունն իրենց ակնկալիքներն արդարացնի, հետագայում ևս  հիմնականում աչք կփակեն ՀՀ-ում հակաժողովրդավարական  դրսևորումների վրա, ինչպիսիք են՝  ապօրինի  կալանավորումները,  շինծու քրեական գործերը, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ  հարձակումները, ճնշումները և այլն: Այսինքն՝ Արևմուտքի  ներքաղաքական աջակցությունը Փաշինյանի իշխանությանը դրված է  կախվածության մեջ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունից՝ Արևմուտքը արտաքին քաղաքական վեկտորի հարցում կոնկրետ հույսեր ունի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, որի համար պատրաստ է աչք փակել երկրում տեղի ունեցող հակաժողովրդավարական աղաղակող երևույթների վրա:

Տեսանյութեր

Լրահոս