Մամիկոնյանց փողոցում 64-ամյա կնոջը կողոպտողը ձերբակալվել է
Հուլիսի 16-ի երեկոյան ոստիկանություն զանգած մի քաղաքացի հայտնել էր, որ քսան րոպե առաջ մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բակերից մեկում անհայտ անձը քաշել-պոկել է 64-ամյա մի կնոջ պարանոցի ոսկյա շղթան ու դիմել փախուստի:
Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Տուժած կնոջից ընդունվել էր հաղորդում, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Կողոպտողի արտաքին նկարագիրը կամ այլ հանգամանք պարզել չէր հաջողվել: Մնում էր ապավինել օպերատիվ միջոցառումներին:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների աշխատակիցները ստացան օպերատիվ տեղեկություն, որ կողոպուտը կատարել է Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում հաշվառված, 24-ամյա մի երիտասարդ:
Հուլիսի 19-ին նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում և բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Հարուցվել է քրեական գործ: Երիտասարդը ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: