«Չեմ պատրաստվում այդ գումարը վերցնել»․ Թալինի շրջանի ՔՊ-ական վստահված անձանց խոստացված գումարները սկսել են վճարել
Հայաստանում 2021 թվականի հունիսի 20-ին անցկացված Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի Թալինի շրջանի վստահված անձինք 168.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ ընտրություններից առաջ բոլոր վստահված անձանց 20.000-ական դրամներ են խոստացել, և, որ գումարն ամենաուշը ընտրության օրը պետք է փոխանցեին, սակայն ընտրություններից 1 ամիս անց դեռ գումարները չէին վճարել։
168.am-ը երեկ էր անդրադարձել այս խնդրին, հրապարակել «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության վստահված անձանցից մի քանիսի ձայնագրությունները, որտեղ նրանք պատմում էին, թե ովքեր և երբ են խոստացել այդ գումարները։
Նրանք պնդում էին, որ գումարները յուրացրել են Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և նրա ազգականներից մեկը, որին նշանակել էին ՔՊ Թալինի շրջանի շտաբի պատասխանատու և պահանջում էին մարզպետի հրաժարականը։
Ի դեպ, մեզ ահազանգած քաղաքացիների պնդմամբ, այդ ամենից տեղյակ են Արագածոտնի փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանը, ինչպես նաև Արագածոտնի նախկին փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը։ Վերջիններս երեկ 168.am-ի հետ զրույցում հերքել էին այդ տեղեկությունը՝ վստահեցնելով, որ իրենք որևէ առնչություն չունեն այդ ամենի հետ։
Սակայն սույն պաշտոնյաների հետ կապ հաստատելուց հետո պարզվեց, որ ՔՊ-ական վստահված անձանց տարբեր գյուղերից սկսել են հրավիրել Թալին և տրամադրել 20.000 դրամները։
«Երեկ երեկոյան մեզ կանչեցին, գումարները տվեցին»,- ասաց քաղաքացիներից մեկը։
ՔՊ-ական վստահված անձանցից մեկն էլ ասաց․ «Իմացա, որ տղերքին հերթով կանչել են մարզպետարան և գումարները սկսել են տալ, բայց ես չեմ պատրաստվում այդ գումարը վերցնել»։