«Արագածոտնի ՔՊ-ական վստահված անձանց խոստացված 20.000-ական դրամները մարզպետը յուրացրել է»․ քաղաքացիները պահանջում են մարզպետ Դավիթ Գևորգյանի հրաժարականը

Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում իշխանությունների դեմ նոր բունտ է հասունանում, քաղաքացիները մարզպետ Դավիթ  Գևորգյանի հրաժարականն են պահանջում։

168.am-ին ահազանգած Թալինի բնակիչը, որը չի ցանկանում ներկայանալ, որպեսզի մարզպետարանից չթիրախավորեն իրեն, քանի որ գրանցված աշխատող է, հայտնում է, որ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Թալինի շրջանի բոլոր համայնքների վստահված անձանց 20.000-ական դրամներ են խոստացել, որը պետք է մինչև ընտրությունների ավարտը փոխանցեին մարդկանց, բայց 1 ամիս է անցել ընտրություններից, բնակիչներից որևէ մեկին դեռ խոստացված գումարները չեն փոխանցել։

«Մեր մարզում ու կոնկրետ Թալինի շրջանում հարյուրավոր մարդիկ ՔՊ-ի վստահված անձ են եղել, քանի որ մեր բոլոր գործերը թողել ու լծվել էինք քարոզարշավին, ՔՊ-ի կենտրոնական գրասենյակից՝ Երևանից, խոստացել էին յուրաքանչյուրիս 20.000-ական դրամներ տալ։ Լիքը մարդիկ կան, ամեն համայնքից մոտ 4-5 մարդ ՔՊ-ի վստահված անձ է եղել, խոսքը միլիոնավոր գումարների մասին է․․․»։

Քաղաքացին նաև ասաց, որ դեռ ընտրության նախօրեին գյուղերում լուրեր էին պտտվում, որ այդ գումարներն իրենց չի տրվելու, քանի որ այն յուրացրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և նրա ազգականներից ոմն Արշակ Կնյազյան․

«Գրասենյակից ասացին, որ՝ ձեր մարզի պատասխանատուն մարզպետն է, այդ հարցով իրենց զանգեք։ Իմացանք, որ մարզպետն իր հորեղբորը թե հորեղբոր տղուն՝ Կնյազյան Արշակին, նշանակել է Թալինի ՔՊ շտաբի պատասխանատու՝ շտաբի պետ, այդ գումարները տրամադրվել է, որ տան մեզ, բայց փաստացի տեղ չի հասել, ուղիղ 1 ամիս եղավ՝ այդ գումարները մեզ չի հասել, ու այդ Արշակ Կնայզյանն  էլ չկա, երկրում չէ»։

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Թալինի շրջանի վստահված անձանցից մեկ ուրիշն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ կապ են հաստատել Արշակ Կնյազյանի հետ, հետաքրքրվել, թե ինչո՞ւ պայմանավորվածության համաձայն՝ իրենց գումարները չեն տրվել․

«Այդ ժամանակ պարզվեց, որ նա Հայաստանում չէր, ռոումինգով էր խոսում։ Ինքն էլ ատկազ չեկավ, որ գումարներ են տրամադրվել, բայց ասաց՝ ոչ թե 20.000, այլ 15.000 դրամ։ Մենք Արագածոտնի փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանի հետ էլ ենք հանդիպել, ինքն էլ հաստատեց այդ տեղեկությունը, որ մեր համար 20.000-ական դրամներ են փոխանցել, բայց ասաց, որ Արշակ Կնյազյանը պետք է գումարները մեզ տար։ Ավելին՝ նախկին փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանն էլ, որ հիմա Ազգային ժողովում է աշխատանքի անցել, ինքն էլ էր ասել, որ 20.000 դրամ է, մի խոսքով՝ ճշտված մոմենտներ է, որ 20.000 դրամ պետք է տան, բայց ինքն առել-փախել է»։

Մեզ ահազանգող քաղաքացիներն ասացին, որ իրենք հրաժարվում են այդ գումարներից, բայց միևնույն ժամանակ ցուցակագրում են բոլոր վստահված անձանց անունները և այս պահին մոտ 30 հոգու տվյալ ունեն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ են եղել ու խոստացված գումարը չեն ստացել․

«Այս պահին էլ շարունակում ենք ցուցակագրել, զանգերով ճշտում ենք, թե ում գումար չի հատկացվել։ Մենք հրաժարվում ենք այդ գումարներից ու պահանջում ենք, որ մարզպետը հրաժարական տա ու պատասխան տա, թե այդ գումարներն ինչո՞ւ չեն տրամադրվել։ Մենք ուզում ենք, որ այս նյութը հրապարակվի, որ իմանան՝ տենց տականքները գումարներ են շորթում մեզանից»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձինք ասացին, որ չէին ուզում այս քայլին գնային, հասկանում էին, որ խնդրի մասին բարձրաձայնելով՝ կարող են վնասել այդ կուսակցությանը, բայց մարզպետարանում իրենց հանդիպումներից հետո հասկացել են, որ պետք է օր առաջ ազատվեն թե՛ մարզպետից, թե՛ փոխմարզպետից։

«Մարդկանց հետ վերաբերմունք չունեն, նույնիսկ իրենց թիմակիցների, մտնում ես մարզպետարան՝ իրենց աշխատասենյակ, մուննաթ-զուննաթով, գողականով, ախպերավատ են լինում, որ մեր շնորհիվ են նստել այդտեղ․․․»,- ասացին քաղաքացիները՝ հավելելով, որ մարզպետի հրաժարականի պահանջով նաև կառավարություն են դիմելու։

168.am-ը փորձեց կապ հաստատել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հետ, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց։

Իսկ ահա Արագածոտնի փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանը մեզ հետ զրույցում հերքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանց ասածները:

«Նման բաներով ես չեմ զբաղվում, եղբայր»,- ասաց նա։

Մեր հարցին՝ քաղաքացիները պնդում են, որ ձեզ հետ հանդիպել են, չի՞ եղել նման հանդիպում, Արագածոտնի փոխմարզպետը պատասխանեց․

«Ինձ հետ 100 քաղաքացի կարող է հանդիպի…»։

Մեր դիտարկմանը, որ կոնկրետ այդ հարցով հանդիպման մասին է խոսքը, Տիգրան Եղիազարյանը բացասական պատասխան տվեց։

Մեջբերելով քաղաքացիների խոսքը, որ մարզպետի հարազատներից Կնյազյան Արշակը պետք է այդ գումարները տար, բայց պարզվել է, որ նա երկրում չէ, Արագածոտնի փոխմարզպետն ասաց․

«Ներողություն, դուք կուսակցական ինչ-որ հարցեր եք անում, նման բանով ես չեմ զբաղվում, տեղյակ չեմ․․․ Շատ մարդ շատ բան կարող է ասել․․․»։

Արագածոտնի նախկին փոխմարզպետ, ներկայում Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գառնիկ Աթանեսյանն ասաց, որ առաջին անգամ է նման բան լսում․

«Ճիշտն ասած, ես ընտրական պրոցեսին մասնակցել եմ այնքանով, որքանով, որովհետև ոչ շտաբի աշխատանքներին և այլն մասնակցություն չեմ ունեցել, հետևաբար՝ չէի կարող այդ ամեն ինչի միջով անցնել։ Քարոզարշավին միացել եմ միայն ուրբաթ օրը, վերջին օրը։ Շաբաթ-կիրակի եղել եմ Թալինում, ընդամենն այդքան բան»։

Դիտարկմանը, որ քաղաքացիները հստակ անուններ են տալիս, այդ թվում՝ ձեր անունը, որ կոնկրետ գումարի մասին պայմանավորվածություն է եղել, Աթանեսյանն ասաց․

«Շտաբի աշխատանքներում ներգրավված չեմ եղել, միշտ ես եմ եղել ՔՊ-ի համակարգողը, բայց քանի որ այս անգամ ես գտնվել եմ պետական ծառայության մեջ Ազգային ժողովում, ես չէի կարող արձակուրդ վերցնել, գնալ»։

Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձինք մեզ հետ զրույցում տեղեկացրեցին նաև, որ հստակ ապացույցներ ունեն, բայց այս փուլում դեռ չեն հրապարակի այն, կսպասեն կառավարության արձագանքին։ Թեմայի վերաբերյալ նոր զարգացումներ լինելուն պես 168.am-ը կտեղեկացնի։

Տեսանյութում 168.am-ին ահազանգած քաղաքացիների ձայնը նրանց իսկ խնդրանքով փոխված է։ Քաղաքացիները որոշ տեղեկություններ նաև գրավոր են մեզ փոխանցել։

Տեսանյութեր

Լրահոս