Վերահաստատում ենք Սոթք, Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման առաջարկը. Փաշինյան
Կառավարության հերթական նիստի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս օրակարգից դուրս այլ հարցերի, անդրադարձավ նաև տարածաշրջանային իրավիճակին ու մայիսի 22-ից Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական զինված ուժերին:
«Ցավոք, մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար: Այս համատեքստում նախ ուզում եմ ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է ՌԴ-ն՝ մեր տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու գործում: ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է խուսափել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ու Հայաստանի ապաշրջափակմանն ուղղված քայլերի իրագործումից:
«Շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով: Ինչպես և նախկինում՝ Հայաստանը շատ կարևոր և առաջնային է համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, և մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ և կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով:
Ակնկալում ենք, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը: Սույն թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից Սոթք, Խոզնավար հատվածում ՀՀ սահմանի խախտումն անընդունելի է:
Վերահաստատում ենք Սոթք, Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեջ առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ վերահաստատելով «խաղաղ բանակցությունները վերսկսելու՝ նախկինում մեր արտահայտած պատրաստակամությունը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում